ՀԵԲ-ը կոչ է անում միավորել ԵՄ-Հայաստան ջանքերը կրճատելու համար գազի կորուստը
Հայաստանում գազի գնի կտրուկ բարձրացման հայտարարությունը սոցիալական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներին վերաբերվող բազմաթիվ հարցեր բորբոքեց: Գնի բարձրացման կոնկրետ չափի, ժամկետների եւ կիրառման շուրջ քննարկումները շարունակվում են եւ, հուսով ենք, կհանգեցնեն իրագործելի լուծման:
Միաժամանակ արժե դիտարկել այն մեծ ներուժը, որը կօգնի Հայաստանի քաղաքացիներին՝ հիմնվելով այլ եվրոպական երկրների նմանատիպ փորձի վրա: Այս համատեքստում Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի կառավարությանը եւ Եվրամիությանը կրկնապատկել իրենց ընդհանուր ջանքերը՝ նվազեցնելու Հայաստանում գազի սպառումը եւ կորուստը հիմնականում հետեւյալ երկու ոլորտներում.
1. Հայաստանում մինչեւ օրս բնակելի շենքերի մեծ մասը ջեռուցվում է հին համակարգերով եւ կարիք ունի հիմնական ջերմամեկուսացման, ինչի պատճառով էներգիայի մինչեւ 50% կորուստ է լինում: Հետեւաբար կառավարությունը պետք է իր սուբսիդավորման մեծ մասը կենտրոնացնի այդ խնդիրների լուծմանն ուղղված բարենորոգման ծրագրերի վրա, ինչպես նաեւ դիմի համապատասխան ծրագրերի փորձից ԵՄ-ի խորհրդատվությանը՝ այդ թվում նաեւ շենքերի էներգետիկ անձնագրերին վերաբերող ԵՄ նոր ծրագիրը: Ի վերջո, ԵՄ-ը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված վարչական բարեփոխումներին, ինչպես նաեւ մասնակի օգնություն՝ բարենորոգման ֆինանսավորմանը: Եթե ԱՄՆ-ը միանա վերջինիս, նրանք կարող են ավելի մեծ վստահությամբ պնդել, որ Հայաստանը շարունակի թույլ կախվածություն ունենալ իրանական գազից:
2. Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30-40%-ը արտադրվում է գազի շահագործմամբ աշխատող ջերմաէլեկտրակայաններում: Մինչդեռ, Հայաստանը շարունակում է ոչ արդյունավետ օգտագործել արեւային, հողմային եւ հիդրոէներգիայի իր հսկայական ներուժը:
Այս վերականգնվող աղբյուրները կարող են բարձրացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը եւ ապակենտրոնացնել Հայաստանի էներգիայի արտադրության ռազմավարական վտանգները բնական աղետների կամ հակամարտությունների ժամանակ: Գերմանիան, այլ երկրների շարքում, Հայաստանին առաջարկել է վերականգնվող էներգիայի ծրագիր, որը պետք է արագ գործարկել եւ հնարավորին չափ լայն ընդգրկմամբ:
Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է լուծվի հիմնականում Հայաստանում, որը կրում է էներգետիկ շուկայի նույնատիպ փոփոխություններ, ինչ Կենտրոնական Եվրոպայի երկրները 1990-ականներին, եւ այդ գործընթացը կշարունակվի առաջիկա 10-20 տարիների ընթացքում:
Գազի գնաճերը կարող են փոխհատուցվել, նույնիսկ գերհատուցվել, եթե գները անկում ապրեն այլ ոլորտներում, եւ նվազեցվի գազի միջին սպառումը հայաստանյան ընտանիքներում: Այդ նպատակով վերը նշված բոլոր միջոցները պետք է միասին կիրառվեն: Հայաստանցիները պետք է նաեւ վստահ լինեն, որ ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կօգնի շուկայի արդյունավետությանը եւ առաջիկա տարիներին կնվազեցնի ամենօրյա ապրանքների գինը Հայաստանում: