Դուք չեք լսում` մարդիկ ինչ հարցեր են տալիս. ԱԺ նախագահը` գյուղնախարարին
Ազգային ժողովում լսումներ են կազմակերպվել Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների աջակցության վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ մայիսի 12-ի կարկուտից տուժած գյուղիների վնասների չափերը ուսւոմնասիրվել են, երեկ էլ կառավարության նիստի ժամանակ ասվել է, թե ինչպես են օգնելու գյուղացիներին:
Նախարարն ասաց, որ առանձին մոտեցում է ցուցաբերվելու սոցիալապես անապահով ընտանիքներին: Բացի այդ, նախարարությունում կա հիմնադրամ, որը դիմել է գործարարներին գումար հատկացնելու համար: Նախարարի խոսքով` այս տարի նախորդ տարվա նման բարձր տնտեսական աճ չի լինելու, սակայն միևնույն է աճ լինելու է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հարց ուղղեց նախարարին, թե ինչու չեն ապահովագրվում գյուղացիական տնտեսությունները:
”Այսօր ոչ մի ապահովագրական ընկերություն գյուղատնտեսական ոլորտում չի անի ապահովագրում, քանի որ շատ ռիսկային են, գյուղացին էլ դրա հնարավորությունը չունի”,-պատասխանեց նախարարը` հավելելով, որ իրենք ծրագրել են նախևառաջ ապահովագրել անասնապահության ոլորտը:
Իսկ երբ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրին, թե ինչու են գյուղացիներին սերմեր տրամադրում գումար հատկացնելու փոխարեն, Կարապետյանը խոսեց այն աջակցության մասին, որ տրվելու է գյուղացիներին:
”Դուք չեք լսում` մարդիկ ինչ հարցեր են տալիս”,-նախարարին ընդմիջեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ”Ասում են համապատասպխան փող տվեք սերմի դիմաց, դա են ասում պատգամավորները”,-փորձեց բացատրել ԱԺ նախագահը: Երբ նախարարը փորձեց ընդմիջել Աբրահամյանին, վերջինս ասաց, որ երբ նա էր խոսում, ինքը լսում էր:
Ի վերջո, պատասխանելով հարցին` Կարապետյանն ասաց, որ դա լուրջ քննարկման հարց է, և ինքը հիմա չի կարող ասել: