Էրդողան. “Թուրքիան կարող է չափազանց օգտակար լինել ԵՄ-ի համար”
“Թուրքիան կարող է իր 76 մլն բնակչությամբ եւ ներկայիս տնտեսական վիճակով չափազանց օգտակար լինել Եվրամիության համար”,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է”Անադոլու” գործակալությունը:
Էրդողանը եւս մեկ անգամ կոչ է արել ԵՄ-ին իր կազմում ընդունել Թուրքիային: “Մենք կոչ ենք անում ԵՄ-ին չձգձգել այդ գործընթացը, հատկապես որ Եվրամիության տարածում ավելի քան 5 մլն թուրք է բնակվում, այդ պատճառով էլ մենք փաստացի վաղուց ԵՄ անդամ ենք”,-հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան մտադիր է անդամակցել Շանհայի Համագործակցության Կազմակերպությանը, սակայն ընդգծել է, որ ՇՀԿ-ը ԵՄ-ի այլընտրանք չէ:
Նշենք, որ ոչ վաղ անցյալում Էրդողանը հայտարարել էր, թե ներկա պահին Թուրքիան ԵՄ այլընտրանքային տարբերակներ է փնտրում, քանի որ “ԵՄ-ին անդամակցելու նրա հույսերը “փշրվել” են ԵՄ անդամ-երկրների հակաթուրքական գործողությունների պատճառով”:
Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցություններն ընթանում են 2005-ից, սակայն այս հարցը դեռեւս բաց է մնում: Դա հիմնականում տեղի է ունենում այն պատճառով, որ ԵՄ անդամ շատ երկրներ, օրինակ` Գերմանիան եւ Ֆրանսիան, բացահայտորեն դեմ են հանդես գալիս կազմակերպությանը` Թուրքիայի անդամակցելուն: