Լեւոն Զուրաբյանը սենսացիոն հայտարարություն արեց
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ նշեց, որ ցանկանում է սենսացիոն հայտարարություն անել: Նա հայտարարեց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ գազի թանկացման պայմանագիրը կնքվել է ոչ թե մայիսի 13-ին, այլ ապրիլի 1-ին:
՛՛Մենք երեկ վերջապես պարզեցինք սենսացիոն այս տեղեկությունը: Պարզվեց, որ գների հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը, և այդ փաստաթղթերի փաթեթում կա հղում, կցված է պայմանագիր, ըստ որի՝ գազի նոր գինը ուժի մեջ է ապրիլի 1-ից սկսված: Իհարկե, հանձնաժողովը պնդում է, որ դրա մասին մայիսի 13-ին են իմացել: Բայց ակնհայտ է, որ եթե նոր պայմանագիրը ապրիլ մեկից է գործում, առնվազն մեկ ամիս առաջ այն կնքվել է: Գազի գնման պայմանագիր նոր սակագներով կնքվել է ապրիլի 1-ին՛՛,-նշեց Զուրաբյանը:
Զուրաբյանը նույնիսկ կասկածներ ունի, որ գազի գինը թանկացել է դեռ հոկտեմբերի 24-ին: Նա ասաց, որ նոր փաստաթղթեր կգտնեն և կապացուցեն այդ փաստերը: Նրա խոսքով՝ իշխանությունները դա թաքցրել են հասարակությունից, քանի որ առաջիկայում կային նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները: