Բարդ էր Ազգային ժողովի բյուջեն պատրաստելը
«Բարդ էր բյուջեի նախագիծը պատրաստելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի առաջին կեսին Ազգային ժողովն աշխատելու է մի տրամաբանությամբ, ապա այն փոխվելու է»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Այդ բարդությունը պայմանավորված է ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխություններով, մշտական հանձնաժողովներին տրվող լիազորություններով ու դրանց քանակով: Նա նշեց, որ բյուջեն պատրաստվել է այն տրամաբանությամբ, որ կեսից փոխվելու է, և միգուցե անհրաժեշտություն կլինի փոփոխություններ կատարել:
«Այս բյուջեն ոչ ստանդարտ է»,-նկատեց Հրայր Թովմասյանն ու շարունակեց, որ կա տարբերություն 2016-ի բյուջեի նկատմամբ, 3 ծրագրերից 2-ը նույնությամբ մնացել են: Տարբերությունը կազմում է մոտ 390 միլիոն 229 հազար դրամ, որը պայմանավորված է պատգամավորնեի թվի հնարավոր կրճատման հանգամանքով: «Այստեղ հիմք է ընդունվել 101-ը, սակայն այն կարող է մեծանալ՝ կախված Ընտրական օրենսգրքի համակարգից»:
Աժ աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությամբ՝ ԱԺ նախագահը 2 տեղակալի փոխարեն ունենալու է 3 տեղակալ, մեկ տեղակալի ու նրա աշխատակազմի ծախսերը, որ ի դեպ, հաշվարկված չեն, որ կազմելու է 12 միլիոն դրամ:
Նա հայտնեց նաև, որ ԱԺ-ի հերթական նստաշրջանի ավարտին տպագրվում է ԱԺ-ի գրքույկը, որտեղ բոլոր պատգամավորներն են, իրենց կենսագրությամբ և այլ մանրամասներով, և ամենապարզ եղանակով տպելու դեպքում անհրաժեշտ կլինի 4 միլիոն դրամ: