Կուրսանտի սպանության գործով մեղադրվողները վատացել են
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր կրկին հետաձգվել է:
Երկու ամբաստանյալների ինքնազգացողությունը վատացել է: Ամբաստանյալին զննած բժիշկը տեղեկացրել է , որ Նորիկ Սահակյանի ճնշումը արձանագրվել է 150,90, նրա մոտ առկա են ստամոքսի խանգարման նշաններ:
Վաչե Սահակյանի ճնշումը՝ 130.85, նրա մոտ եւս ստամոքսի խանգարման նշաններ կան, ըստ տեղեկանքի՝ Նորիկ եւ Վաչե Սահակյաններն ունեն հիվանդանոցային պայմաններում հետազոտման ու բուժօգնության կարիք:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: