ՕԵԿ-ը մտավախություն չունի
«Գագիկ Ծառուկյանի որոշումն իր որոշումն է, իսկ մեր ձայները մերն են, ինչը պայամանավորված է այն աշխատանքի հետ, որ մենք կատարում ենք, իհարկե, ընտրապայքար մշտապես կա, սակայն մտավախություն, որ որևէ մեկը կգա՝ խլելու մեր ձայները, մենք չունենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ եթե ԲՀԿ նախկին ղեկավար ու հիմնադիր Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, կարող է իրենցից ձայներ խլել: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հիշեցնենք, ասել է, որ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն՝ ընդդիմադիր ձայները «փախցնելու»:
Հարցին, թե արդյոք Ծառուկյանն ինքն է որոշում վերադառնալ կամ ոչ, թե իշխանությունից է արգելքը հանվում, Մհեր Շահգելդյանը նույն պատասխանը տվեց. «Դա իր որոշման խնդիրն է, իր վերադարձի կամ չվերադառանալու որոշումն ինքը պետք է կայացնի»:
Հարցին՝ կա Ծառուկյանի կարիքը, նա ասաց. «Մարդը, երբ մտնում է քաղաքականություն, մտածում է՝ ինքն անելիքներ ունի, թե ոչ»: