“Հեղափոխությունը սեփական գլխում արեք … “
Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագրի վերաբերյալ իր տեսակետը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ ինքը պիտի երեկ ելույթ ունենար, սակայն ուրախ է, որ երեկ ժամանակը չբավականացրեց դրա համար:
՛՛Երեկ այս դահլիճում այնպիսի բացասական էներգետիկա ու տրամադրություն կար, որ մտածում էի՝ ինչ պետք է ասենք, ինչպես պետք է վարվենք, որ դուրս գանք այս դահլիճից: Կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, ընդունեն, թե չունդունեն, սիրենք, թե չսիրենք, սա քաղաքական փաստաթուղթ է, և մոտեցումներն էլ պիտի լինեն քաղաքական՛՛,-նշեց պատգամավորը:
Եսայանն ասաց, որ իրենք հաստատելու են այս կառավարության ծրագիրը, և ընդդիմադիրներին խորհուրդ տվեց քննադելիս լուրջ մոտեցումներ ներկայացնել:
՛՛Այս ծրագիրը գրված է բաց աչքերով, ու գրված չէ փակ աչքերով, ինչպես ասում եք, թե կառավարությունը իբր չի ապրում ՀՀ-ում: Սա այնպիսի ծրագիր է, որտեղ ներառված են երեք հիմնական խնդիրները՝ արտագաղթ, աշխատատեղերի պակաս, աղքատություն՛՛:
Պատգամավորը խոստացավ, որ կառավարության ձախողման դեպքում առաջինն ինքն է քննադատելու նրան, սակայն հորդորեց զերծ մնալ այն մեկնաբանություններից, թե արդյոք կառավարությունում քաղաքական դեմքեր են, թե ոչ:
՛՛Հարկ չկա քննարկել կառավարությունում քաղաքական դեմքեր են, թե ոչ, այդ նույն քաղաքական բառը հերը անիծում է մեր բոլորիս, մենք պիտի ասենք՝ պրոֆեսիոնալներ են, թե ոչ՛՛:
Նա խորհուրդ տվեց ընդդիմադիրներին փողոցային պայքարում անհաջողության հասնելու դեպքում, ինչպես այս դեպքում է, հեղափոխությունն ՛՛իրենց գլուխներում անել՛՛: