28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ցեղասպանությանը նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն քննադատության է արժանացել

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված  ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ու քննադատությունների առիթ է տվել:  «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը հայտարարել է, որ այդ որոշմամբ դաշնային կառավարությունը ևս մեկ անգամ ծնկի եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ:

Գերմանիայի արտգործնախարարության (ԱԳՆ) կողմից Աղետ» խորագրով համերգի՝ չեղարկումը բնութագրելով որպես ամոթալի քայլ՝ Վագենքնեխթը հռետորական հարց է ուղղել. «Մի՞թե դաշնային կառավարության վարած քաղաքականությունը Անկարայից է ղեկավարվում»:

Իսկ «Կանաչների» կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Օմիդ Նուրիփուրը նկատել է տվել, որ փախստականների հոսքից վախի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունները սպառած կառավարությունը ծնկի է եկել Էրդողանի առաջ:

Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Էվա-Մարիա Շտանգեն նշել է, որ «Աղետի» չեղարկումը շատ ցավալի է, քանի որ այդ համերգը կարող էր նպաստել թուրք և հայ ազգերի միջև հաշտության գործընթացին:

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս  Ռինդտը հայտարարել է, որ ստամբուլյան համերգի չեղարկումն իրենց համար շատ անսպասելի և ցավալի էր: Նա նշել է, որ համերգը շուրջ մեկ տարի համատեղ նախապատրաստվում էր Գերմանիայի ԱԳՆ-ի և սիմֆոնիկ նվագախմբի կողմից:

Ռինդտը հաստատել է այն լուրը, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին համերգի հրավիրատոմսեր ուղարկելը համաձայնեցված չի եղել ԱԳՆ-ի հետ: Նա հայտնել է, որ ԱԳՆ-ն ուշացնում էր այդ ոչ պաշտոնական համերգի հրավիրատոմսերի բաժանումը, իսկ իրենց համար շատ կարևոր է եղել «Աղետին» թուրք քաղաքական գործիչների ներկայությունը: Այդ պատճառով էլ նրանց հրավիրատոմսեր են ուղարկվել:

Համերգի չեղարկումից հետո Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նամակ են գրել ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին: Նամակում նրանք քննադատել են համերգ հետաձգելու ԱԳՆ որոշումը՝ այն անտրամաբանական համարելով:

Ավելի վաղ Սիմֆոնիկ նվագախումբը հայտարարել էր, որ այս համերգով իրենք ցանկություն ունեն նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմանը: Նախատեսվում էր, որ համերգից հետո կստեղծվի նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն:

Հիշեցնենք, որ Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին համերգով պետք է հանդես գար Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: Հայոց ցեղասպանության 100.-րդ տարելիցին նվիրված համերգին նվագախումբը հրավիրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին:

Գերմանիայի ԱԳՆ նախօրեին հայտարարեց, թե նշյալ պաշտոնատար անձանց հրավիրատոմս ուղարկելու հագամանքը համաձայնեցված չի եղել իրենց հետ, ինչի պատճառով նոյեմբերի 13-ի համերգը չեղարկվեց: Միաժամանակ ԱԳՆ խոսնակը նշեց, որ իրականում իրենք  ուրախ են այս համերգի համար և աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագծին: Խոսնակը հավելեց է, որ իրենք կփորձեն առաջիկայում համերգի համար հարմար ժամանակ գտնել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ