Այնտեղ մարդիկ կան, որ նստել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի մասին խոսելիս ասաց, որ կառավարությունը ՀՀ թիվ մեկ գործադիր մարմինն է, սա արձանագրված է դե յուրե՝ ՀՀ սահմանադրությամբ, այն քաղաքական մարմին է՝ ըստ օրենքի, սակայն ամբողջ խնդիրը հենց այն է, որ իրականում այն քաղաքական մարմին չէ: Ըստ Փաշինյանի՝ կառավարության կազմում չկան քաղաքական դեմքեր:
՛՛Եթե կառավարության առանձին անդամներին ուսումնասիրենք, կտեսնենք, որ նրանց մի մասը կուսակցական տոմսերն ստացել են նշանակման նույն օրը, մի մասը կուսակցականությունից հրաժարվել է, որ լինի նախարար: Միակ քաղաքական սկզբունքը, որ իրագործում են, դա նախարար լինելն է:
Այս կառավարության կազմը շատ հետաքրքիր է: Այնտեղ մարդիկ կան, որ նստել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, և հույսով են երկար նստել՛՛:
Փաշինյանը հավելեց, որ կառավարությունում չկա տեսակետների բախում: ՛՛30-40 վայրկյանների ընթացքում որոշումներ են ընդունվում, քանի որ որոշումներն այլ տեղերում են կայացվում՛՛,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ վարչապետի վաղեմի կուսակցական ընկերներից մեկը հարցարզւոյց էր տվել՝ ասելով, որ Տիգրան Սարգսյանն ուզում է պայքարել օլիգարխիայի դեմ, բայց նրա ձեռքերը կապված են: Նշենք, որ նման տեսակետ արտահայտել էր Խաչատուր Սուքիասյանը:
՛՛Սա սխալ տեսակետ է, որովհետև մտածել, որ նրա կառավարությունը կարող է օլիգարխիայի դեմ պայքարել, նշանակում է հավատալ, որ որևէ մեկը կարող է պայքարել իր գործատուի դեմ՛՛,-շեշտեց Փաշինյանը:
Վերջինս հայտարարեց, որ ոչ մի նախարար էլ հասարակության վստահության քվեն չի ստացել:
՛՛Ո՞վ ա ստացել ժողովրդի վստահության քվեն, Հասմիկ Պողոսյա՞նը, Վահրամ Ավանեսյա՞նը, Վաչե Գաբրիելյա՞նը, թե Դավիթ Սարգսյանը՛՛,-ասաց նա ու հավելեց, որ ինքն անձնական խնդիրներ չունի ոչրէ մեկի հետ, սակայն նրանք ոչ մեկը քաղաքական գործիչներ չեն: ՛՛Վաչե Գաբրիելյանը գուցե մեծ արժեքներ ունեցող մարդ է, բայց քաղաքական գործիչ չէ, օլիագարխիան է ստացել ՛՛վստահության քվեն՛՛: Թաղային խուժանն է ստացել այդ վստահության քվեն, իրական իշխանության կրողը իրենք են, նրանց տվել են այս կառավարությանը, որ գեղեցիկ հագնված գան իրենց դպրոցներում, ինստիտուտներում սովորած բառերն ասեն՛՛:
Փաշինյանը Տիգրան Սարգսյանին ասաց, որ նա մշտապես գեղեցիկ աշխատասենյակում նստած է և չի տեսնում երկրից արտագաղթը:
՛՛Որևէ այլ բան այդքան դինամիկ չեք զարգացրել, որքան սփյուռքը՛՛,-եզրափակեց պատգամավորը: