15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետական օժանդակությունը կբարձրացնի ներդրողների վստահությունը

Կառավարությունը մտադիր է ստեղծել պետական ներդրումային հիմնադրամ՝ ներդրումային ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ակնկալվում է հետագայում դրանում ներգրավել նաեւ մասնավոր հատվածին։

 

Որպես այդպիսին, ներդրումային, առավել եւս պետական հիմնադրամի ստեղծումը Հայաստանում նորություն է։ Բայց կառավարությունը հարկադրված է գնալ դրան՝ տնտեսական իրավիճակից ելնելով.

-Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները եւ աշխարհագրական դիրքը՝ կարող ենք արձանագրել, որ բարեփոխումների ներկայիս փուլում բավարար չէ միայն հավասար պայմանների ստեղծումը։ Այժմ կառավարությունը պետք է, թեկուզ ժամանակավորապես, իր վրա վերցնի ներդրումային ակտիվության միջոցով աշխատատեղերի ստեղծումը խթանողի գործառույթը եւ զանազան գործիքակազմով մասնակցություն ցուցաբերի Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձեւավորմանն ու զարգացմանը,-Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության գործունեության ծրագիրը՝ հայտարարեց վարչապետ Կ.Կարապետյանը։

 

Կառավարությունը մտադիր է ներդրումային հիմնադրամը ստեղծել արդեն հաջորդ տարվա ընթացքում։

 

Թեեւ առայժմ հայտնի չէ, թե ինչ միջոցների հաշվին կֆինանսավորի հիմնադրամը եւ ինչքան կլինի վերջինիս կապիտալի մեծությունը, այնուհանդերձ միանշանակ է, որ նման կառույցի ստեղծումը կարող է էական նշանակություն ունենալ նոր ծրագրերի իրականացման համար։ Դա ըստ էության լինելու է պետության ուղղակի ֆինանսական ներդրումը, որով կառավարությունն իր անմիջական մասնակցությունը կցուցաբերի տնտեական ծրագրերի իրականացմանը։

 

Այս նախաձեռնությունն առավել եւս կարեւորվում է նրանով, որ այն լուրջ նախադրյալներ կստեղծի հնարավոր ներդրողների մոտ՝ Հայաստանի տնտեսական միջավայրի նկատմամբ վստահության բարձրացման համար։ Շատ դեպքերում հենց այդ պատճառով նրանք խուսափում են ներդրումների իրականացումից։

 

Մյուս կողմից՝ կառավարությունը ներդրումային հիմնադրամը դիտարկում է որպես միջոց՝ չաշխատող ներքին արտադրական պոտենցյալը վերագործարկելու գործում։ Գաղտնիք չէ, որ այսօր կան արտադրական հզորություններ, որոնց սեփականատերերը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չունեն վերադառնալ արտադրական պրոցես կամ ընդլայնել իրենց տնտեսական գործունեությունը։ Ներդրումային հիմնադրամը կարող է լինել դրա լավագույն միջոցը։

Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե կառավարությունը որքանով կկարողանա համալրել ներդրումային հիմնադրամի կապիտալը։ Որքան այն մեծ լինի, այնքան ընդգրկուն կարող են լինել նաեւ ներդրումային ծրագրերն ու օժանդակությունը։

Ներդրումային հիմնադրամի ստեղծումից բացի, կառավարությունը պատրաստվում է կատարելագործել նաեւ ներդրումային օրենսդրությունը եւ բարձրացնել տնտեսական գործունեությունը խթանող կառույցների աշխատանքի արդյունավետությունը։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ