Շոկ դատարանում. երրորդմասցի Լյովիկի սպանության գործով բացվել են սպանվածների հագուստները. Ժամանակ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍե տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլեե մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը հետազոտեց գործով առգրավված իրեղեն ապացույցների մի մասը:
Կնիքված փաթեթներից հանվեցին և առանձին-առանձին հետազոտվեցին սպանվածների հագուստները՝ հրազենային վնասվածքներով ու արյան չորացած հետքերով՝ բաճկոն, սվիտեր, անդրավարտիք…
Դատարանի դահլիճում տարածվեց արյան ու բորբոսի հոտը…
Երբ հերթը հասավ դեպքի վայրում ենթադրյալ հանցագործների կողմից թողած մեքենայում իրավապահների հայտնաբերած ու առգրաված պլաստմասսայե շշերի հետազոտմանը, որոնց վրայից ենթադրյալ հանցանք կատարած անձանց ԴՆԹ նմուշներ էին հայտնաբերվել, պաշտպանական կողմի պահանջով դատարանը այդ շշերի ստերիլությունը պահպանելու միջոցներ ձեռք առավ: Մի կարգադրիչ ուղարկվեց խանութ՝ տնտեսական ձեռնոցներ, սպիրտ, տոպրակներ գնելու:
Մյուս կարգադրիչը յուրաքանչյուր հետազոտվող շիշը վերցնելուց առաջ հագնում էր ձեռնոցի նոր զույգ ու ձեռնոց հագած ձեռքերը նաև լվանում էր սպիրտով: Շշերը նա բռնում էր խցանից՝ երկու մատով:
Ամբաստանյալների շահերի պաշտպան Լ. Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ առանց ձեռնոցին ձեռքով դիպչելու՝ կարգադրիչը, այնուամենայնիվ, չի կարող այն հագնել, հետևաբար, հետազոտվող ապացույցներին դիպչելու դեպքում նա այդ ապացույցների վրա կթողնի իր ԴՆԹ նմուշը: Այդպես՝ բոլոր ապացույցների վրա էլ կլինեն ԴՆԹ խառը նմուշներ: Այն պայմանները, որոնցում դեպքի վայրից առգրավում են իրեղեն ապացույցները, պահպանում են, ենթարկում են դատագենետիկական փորձաքննության՝ բնավ իդեալական չեն՝ ապացույցները հերմետիկ պահպանելու, նրանց վրա այլ անձանց ԴՆԹ նմուշների հայտնվելը բացառելու առումով:
Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև իրեղեն ապացույցների փաթեթներին առկա կնիքված թղթերի վրա՝ նկատելով, որ այդ թղթերի մի մասը այնպես է հարմարեցված, «տուկի թելով թելածե ու ստեպլերով ամրացված, որ հնարավոր է բացել փաթեթը՝ առանց թղթի վրա դրված կնիքը վնասելու, ապա նորից թելը անցկացնել ծալված թղթին ու նորից ամրացնել նույն ստեպլերի նախկին հետքերով:
Հետազոտվեցին մեկուկես լիտրանոց «Ֆանտայիե, «Բյուրեղիե, մեկ լիտրանոց «Ֆանտայիե շշերը: Շշերը նորից փաթեթավորվեցին ու կնիքվեցին դատավորի կլոր կնիքով:
Հաջորդ փաթեթում սպորտային պայուսակ էր, մեջը՝ սրբիչ: Այս ապացույցի սկզբնական կնիքը չկար:
Մեկ այլ փաթեթում մեքենայի շարժիչի ու դռների փականներ էին և բանալի:
Реклама 15
Մյուս փաթեթում լազերային 77 սկավառակներ էին:
Կար կոշտ սկավառակ՝ «Էրեբունիե բժշկական կենտրոնի տեսաձայնագրություններով:
Բոլոր սկավառակների պարունակությունը նույնպես առաջիկայում հետազոտվելու է:
Լուսանկարների հավաքածու կար՝ «Նուբարաշենե ՔԿՀ-ից մինչև Նուբարաշենի խճուղի ընկած հատվածի զննության ընթացքում արված:
Առանձին փաթեթներում էին դեպքի վայրից առգրավված հրազենային գնդակները, պարկուճները՝ 82 հատ պարկուճ, 20 հազարանոց թղթադրամների կտորտանքները՝ հայտնաբերված դեպքի վայրում, դիակների վրա, ինչպես նաև Լևոն Ղազարյանի գրպանում:
Արյան նմուշներով խծուծներ, ծանր բորբոսահոտով ներծծված գլխարկ՝ կեպի, ծխախոտատուփ ու կրակայրիչ, ակնոցի երկու ապակի, սպանվածների եղունգների, մազերի նմուշները, ոսկորների կտորներ՝ դեպքի վայրում հայտնաբերված:
Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ ենթադրյալ հանցանք կատարած անձանց կողմից դեպքի վայրում թողած «ՎԱԶ-2107ե մեքենայում հայտնաբերված ու առգրավված ապացույցները առանձին փաթեթներում այնպես էին փաթեթավորված, որ երևում էր՝ փաթեթները բացվել են: Այդ փաթեթների վրա առկա էին քննչականի կնիքները, սակայն ստորագրություն չկար:
Դատախազը նշեց, որ այդ փաթեթները, այո, բացվել են փորձագետների կողմից, ապա ապացույցները նորից դրվել են նույն փաթեթների մեջ, առկա են փորձագետների կնիքն ու ստորագրությունները:
Բոլոր հետազոտված ապացույցները նորից փաթեթավորվեցին ու կնիքվեցին դատավորի կլոր կնիքով:
Հաջորդ դատական նիստին դատարանը կշարունակի իրեղեն ապացույցների հետազոտումը, մասնավորապես՝ կհետազոտվեն դեպքի վայրում հայտնաբերված ու առգրավված զենքերն ու զինամթերքը:
Որպեսզի այդ ապացույցների հետազոտումն արդյունավետ կատարվի, դատարանը որոշեց հրավիրել նաև համապատասխան փորձագետին, ով մասնագիտական արագությամբ կհրապարակի զենքերի վրա առկա գրառումները՝ գործարանային համարներ և այլն: