Մեր երկրի գյուղատնտեսության վատ վիճակի պատճառը բանկերն են.. Հ. Բերբերյան
“Արմավիրում տեղացած կարկտի հասցրած վնասները կազմում են 35-40 մլն դոլար”: Այս մասին այսօր՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա նշեց, որ վնասվել է 17-20 հազար հա հողատարածք:
“Այդպիսի վնաս անկախություից հետո գյուղացուն չի հասցվել: Մեր խորին համոզմամբ` ոչ թե սերմով, պարարտանյութով պետք է աջակցել գյուղացուն, այլ առաջնահերթ օժանդակել ֆինանսներով: Պետք է վարկերը սառեցնել, որ գյուղացին, կարողանա դիմակայել, ոտքի կանգնել”,-ընդգծեց Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ նշանակություն չունի, թե որ գյուղացին որքան է տուժել, պետք է օգնություն ցուցաբերել բոլորին:
Անդրադառնալով հակակարկտային համակարգի արդյունավետությանը` Ագրարագյուղացիական միության նախագահը նկատեց, որ երբ քննարկվում էր այդ համակարգերը բերելու հարցը, միայն ինքը չստորագրեց այդ որոշման տակ.
“Նույնիսկ Արգենտինայում, որտեղից հակակարկտային համակարգերը բերել են, դրանք իրենց չեն արդարացնում: Թե ով բերեց, կապեց մեր գլխին, չեմ իմանում”: Հրաչ Բերբերյանի կարծիքով` պետք է անցում կատարել ցանցերի կիրառմանը, որոնք ունեն 100 տոկոս արդյունավետություն:
“Հանդիպել ենք ՀՀԿ-ի ղեկավար Գալուստ Սահակյանի հետ, կարծում եմ` ուրբաթ օրն այս հարցը կբարձրացվի: Կառավարությունը պետք է, որ աջակցի այս հարցում”,-նշեց նա:
“Մեր երկրի գյուղատնտեսության վատ վիճակի պատճառը բանկերն են: 30%-անոց վարկեր տալով` միայն վնաս են հասցնում գյուղացուն, մի մասը ցածր տոկոսով է տալիս, սակայն մյուսները շարունակում են բարձր տոկոսներով վարկեր տալ: Այլ երկրներում գյուղացուն 5%-անոց վարկեր են տրամարդրվում”,-նկատեց Հրաչ Բերբերյանը: