Լեւոնը փրկեց Ծառուկյանին. 168 ժամ
Երեկ ԱԺ-ն քվեարկությամբ մերժել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։
Անցյալ տարվա վերջին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ եթե ՀԱԿ-ը համաձայնի, որ հանձնաժողովը ստեղծվի 2013թ. նախագահական ընտրություններից հետո, ապա իրենք սկզբունքորեն դեմ չեն հանձնաժողովի ստեղծման գաղափարին։ Այս քաղաքական պայմանավորվածության մասին հայտարարվեց ԱԺ լիագումար նիստի ժամանակ։
Եվ ահա դրանից 5 ամիս հետո ՀՀԿ-ն դեմ է քվեարկում հանձնաժողով ստեղծելու որոշմանը՝ հայտարարելով, որ կան չհամաձայնեցված հարցեր։ ՀՀԿ-ականները դեմ են, որ հանձնաժողովին իրավունք տրվի հանձնաժողովի նիստերին հրավիրել եւ քննել Մարտի 1-ի դեպքերի նախաքննությամբ եւ հետաքննությամբ զբաղված քննիչներին։
Թվում էր, թե դա այդքան էլ կարեւոր հարց չէ, եւ ՀԱԿ-ը կարող էր զիջել այս հարցում՝ հանուն հանձնաժողովի ստեղծման։ Բայց հնարավոր է, որ ՀԱԿ-ն այս տապալման արդյունքում ավելի շատ օգտվում է, քան տուժում։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ովքեր դեմ քվեարկեն հանձնաժողովի ստեղծմանը, նրանք դեմ են Մարտի 1-ի բացահայտմանը։ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որ 2008թ. մարտի 1-ին կառավարող կոալիցիայի մաս էին կազմում եւ այն ժամանակ պատասխանատու էին հռչակվում Մարտի 1-ի իրադարձությունների համար, այս քվեարկության շնորհիվ ազատվեցին այդ պատասխանատվության բեռից եւ հայտնվեցին նրանց թվում, ովքեր Մարտի 1-ի բացահայտման կողմնակիցներ են: