18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դուրս գալ «գործ տվողի» բարդույթից

Եթե երթուղային տաքսիի վարորդը ծխում է, դուք ունեք երկու տարբերակ՝ լռել կամ վարորդին նկատողություն անել: Եթե երկրորդն եք ընտրում, վարորդն ունի մի քանի տարբերակ՝ 1/ սուսուփուս հանգցնել ծխախոտը (քիչ հավանական է), 2/ կյանքից, բախտից, իշխանությունից, կարմիր գծերից եւ արագաչափերից բողոքելով՝ հանգցնել ծխախոտը եւ, վերջապես, 3/ ուղարկել ձեզ շատ հեռու: Այդ վերջին դեպքում դուք ունեք երկու տարբերակ՝ փոխադարձաբար ուղարկել վարորդին նույն հասցեով կամ դուրս գալուվ մեքենայից՝  գրանցել դրա համարը եւ բողոքել քաղաքապետարան: Հայաստանում երկրորդ տիպի վարքագիծը համարվում է «ղզիկական», արգահատելի, մեր ազգին ոչ հարիր: Իզուր. «հայաթի», համայնքի, գետտոյի, սուտ «գողականի» կեցվածքից ժամանակն է անցնել պետության քաղաքացու մտածողությանը: Կասեք՝ քաղաքապետարանը քաղաքապետարան չի, ոստիկանությունը ոստիկանություն չի, դատարանը դատարան չի եւ ընդհանրապես՝ պետությունը պետություն չի: Համաձայն եմ: Բայց վերը նշված պետական ինստիտուտներում նստած են ձեր եւ երթուղայինի վարորդի նման մարդիկ, որոնք ճիշտ մեզ նման կանգնում են երկընտրանքների առաջ:  Ինչ-որ մեկը պետք է վերջ տա «թասիբի», «ջիգյարի», «մարդկության» հնացած, ասիական պատկերացումներին: Եթե ձեզ հետ անարդար են վարվել, մի՛ փորձեք հաշվեհարդար տեսնել, «տղա բերել» կամ դիմել ծանոթ ոստիկանին, որ նա փորձի խնդիրը տնավարի լուծել (հաճախ փողով): Կան պետական մարմիններ, որոնց պարտքն է դրանով զբաղվել՝ պետք է դիմել հենց նրանց: Մի՛ վախեցեք ձեռք բերել «գործ տվողի» կամ «մատերյալ գրողի» համբավ:

Այդ կառույցներն, այո, կոռումպացված են, չունեն պատշաճ պատրաստվածություն եւ պրոֆեսիոնալիզմ, եւ երբեմն ավելի լավ է՝ ոչ մեկին չդիմել, քան նրանց հետ գործ ունենալ: Բայց դրա այլընտրանքը կամայականությունները եւ ապօրինությունները շատացնելն ու բազմապատկելն է: Ձեզ օգնած «հեղինակավոր տղեն» հետո՝ ընտրությունների ժամանակ, շատ հավանական է, կխնդրի ձեզ «աշխատել» իր (հենց ի՛ր, ոչ թե իշխանության) համար: Ձեզ օգնած «ջիգյարով ոստիկանը» կշարունակի կաշառքներ վերցնել ինչպես ձեզնից, այնպես էլ, շատ հնարավոր է, ձեր իրավունքները խախտածից: Դիմել պաշտոնապես եւ պահանջել պետական մարմիններից կատարել իրենց պարտականությունները՝ դա է թեեւ դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհը: Իսկ պահանջելու գործիքներն, իհարկե, քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցներն են: …Արեւմուտքում, երբ մայրուղում տեսնում են, որ մեկը օրենքը խախտելով է քշում, տեսագրում են եւ տեսագրությունը ուղարկում են ոստիկանություն: Մեր ընկալմամբ՝ նման մարդիկ «գործ տվող» են, իսկ իրականում դրան կա այլ անուն՝ քաղաքացի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ