Ընդդիմությունից մի մրսեք. վարչապետին
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթում հիշեց, որ երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, հայտարարություններ եղան, որ նա հայաստանը Սինգապուր է դարձնելու: Պատգամավորը պատմեց, թե ինչպիսի վատ իրավիճակ էր Սինգապուրում նախորդ դարի 40-ականներին, իսկ երբ իշխանության եկավ կրթված ու երկիրը գնահատող, բիզնեսում կայացած երիտասարդների իշխանությունը, երկրում վիճակն իսկապես փոխվեց, իրական հրաշք տեղի ունեցավ: Այդ իշխանությունը գիծ քաշեց երեկվա ու այսօրվա միջև և հայտարարեց, որ բոլորն օրենքի առջև հավասար են, չի կարող լինել որևէ բացառայություն, այդ թվում իշխանությունների համար:
Արդեն գալով ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն ու կառավարությանը՝ Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Իսկապես մեծ ռիսկ է այսօր գալ, կայացած մարդ գալ և պատասխանատվություն վերցնել, իսկապես պետք է ունենալ ազգային, պետական ամբիցիա, որ ասի՝ ես կարող եմ ինչ-որ բան անել, նախ հավատարիմ լինել ձեր ասած սկզբունքներին»: Պատգամավորը ողջունելի է համարում, որ վարչապետը, եթե չգիտի հարցի պատասխանը, պարզ ու անկեղծ ասում է՝ չգիտեմ: «Առաջին անգամ է, որ պետական պաշտոնյան ասում է՝ չգիտեմ, ում ինչ հարց տալիս ես, այդ հարցի պատասպանը գիտի, բայց զգում ես՝ չգիտի, ուզում է ցույց տալ, թե գիտի:
Դուք մեծ ռեսուրս այսօր ունեք, սպասելիք կա, ես չեմ ասում, որ սպասելիքներն արդարանալու են, բայց եթե դուք այդ սպասելիքը չարդարացնեք, այն որ ձեզ վնաս կտաք, դա ոչինչ, բայց որ հիասթափության մեծ դաշտ կբացվի այս ծանր վիճակու,մ դեմոգրաֆիան ավելի դաժան թիվ կարտահայտի, դա այդպես է: Այն, ինչ ուզում եք ձեռնարկել, տարիներ են պետք, բայց կարծում եմ՝ ժողովուրդը կգնահատի եթե տեսլական տեսնի»,-ընդգծեց Ռ. Հակոբյանը:
Որպես օրինակ նա ասաց, թե վարչապետը կարող է հայտարարել, որ կարմիր գժերի գործարքը հանցավոր է եղել, և այդ դեպքում, նրա կարծիքով, շատ մարդիկ կկանգնեն վարչապետի կողքին ու կասեն՝ տղամարդ վարչապետ է:
Պատգամավորը նշեց՝ բավական քաղաքական փորձ ունի ու այնպես չէ, որ երկու դրական նախադասության վրա հիմնվելով էվրիկա կբացականչի, չէ, սակայն իր քաղաքական փորձը թույլ է տալիս ասել, որ ինչ-որ բան փոխվում է, իսկ դրա մեջ ամենամեծը հույս բերելն է: «Ընդդիմությունից մի սպասեք օգնություն, ճիշտ է դա, ընդդիմությունը վաղը գնում է ընտրության»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը՝ հորդորելով վարչապետին «չքաշվել, չմրսել ընդդիմությունից», ապա վարչապետին ու նոր կառավարությանը բարի երթ մաղթեց: