“Սպայկան” հրդեհվեց վարկերի պատճառո՞վ. Հրապարակ
Նախօրեին հրո ճարակ դարձած «Սպայկա» բեռնափոխադրումների ընկերությունը մի կողմից դարձել է պետական հոգածության առարկա, մյուս կողմից շարժել հանրության հետաքրքրությունն ու ասեկոսեների, տարբեր վարկածների ու կասկածների տեղիք տվել: Այդ հետաքրքրությունը մասամբ պայմանավորված է մեզանում բավական խորհրդավոր իմիջ ունեցող Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվածությամբ. հիշեցնենք, որ, ըստ բավական հավաստի տեղեկությունների, այստեղ փայատեր է նաեւ ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը: Եվ կառավարության կողմից հենց առաջին օրը ցուցաբերված հոգատարությունը ոմանք հենց դրանով են բացատրում:
Կառավարության նիստում ՀՀ վարչապետի անմիջական հրահանգով պետությունը փորձելու է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու այդ վիճակից. մասնավորապես տարածք են առաջարկելու եւ փոխհատուցում: Չնայած հայտնի է, որ «Սպայկան» ապահովագրված է, եւ այրված գույքի դիմաց փոխհատուցում այսպես թե այնպես կստանա: Կառավարության այս կայծակնային ուշադրությունը մարդկանց զայրույթն է հարուցել նաեւ այն պատճառով, որ տարերային աղետից տուժած գյուղացիներին օգնելու քայլեր չեն ձեռնարկվում:
Արմավիրի կարկուտից տուժած գյուղացիները, հիշեցնենք, օրերս փակել էին մայրուղին՝ ի նշան բողոքի, որ պետությունը ոչնչով չի ուզում իրենց աջակցել: Իսկ նրանց պահանջն ընդամենը գյուղատնտեսական վարկերի սառեցումն է, որ տույժ ու տուգանքների տակ չսնանկանան:
Ինչեւէ, բազում կասկածների տեղիք տված հրդեհի վերաբերյալ դեռ պաշտոնական բացատրություններ չեն տրվում: Ասում են, որ փորձագիտական եզրակացությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Սակայն հրդեհն այնքան մեծ է եղել եւ այնքան անսպասելի, որ ամբողջ գիշեր փորձել են մարել, բայց չեն կարողացել, իսկ երեկ կրկին լուրեր ստացվեցին, թե լոկալ հրդեհներ են ծագում տեղում: Արդյունքում 10 հազար քմ-ից ավելի տարածք է այրվել, եւ սա ոմանք պատահական չեն համարում: Նման մասշտաբի հրդեհը գրեթե մենաշնորհային կարգավիճակ ունեցող ծաղկուն ընկերությունում չէր կարող հենց այնպես ծագել: Ուստի մարդիկ բացատրություններ են փնտրում: Առաջին օրը շրջանառվում էր մրցակից ընկերությունների կողմից «վատության» վարկածը:
Ապա շշուկներ տարածվեցին, թե հրդեհողը հենց իրենցից է՝ ցածր աշխատավարձ ստացող կամ այն աշխատակիցների կողմից, որոնց աշխատավարձն ուշացնում են: Իսկ երեկ նոր վարկած տարածվեց. բանն այն է, որ «Սպայկան», ինչպես եւ ցանկացած նման մասշտաբի ընկերություն մեծաքանակ վարկեր ունի բանկերում, եւ, ըստ այդ լուրերի՝ վերադարձնելու դժվարություններ: Իսկ բանկային պայմանագրերում կա «ֆորսմաժորային վիճակ» հասկացությունը, որը ներառում է նաեւ նման մասշտաբի հրդեհները:
Արդյունքում՝ վարկերի տոկոսների վճարումը սառեցվում է եւ մայր գումարի վերադարձը հետաձգվում՝ մինչեւ ֆորս մաժորի վերացումը: Դժվար է ասել, թե որքանով է այս վարկածը հիմնավոր: Գուցե սա եւս մրցակիցների ձեռքի գործն է: Կարծում ենք՝ ժամանակը ցույց կտա: