Հայաստանը հրաժարվում է ատոմակայանի՞ց. Հայկական ժամանակ
ՀՀ կառավարության 2013-2017թ.թ. ծրագիրը, որը առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, մի չափազանց հետաքրքիր յուրահատկություն ունի: Այս ծրագրում ակնարկ անգամ չկա Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մասին:Խնդիրն այն է, որ վերջին 4-5 տարիներին կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել է նոր ատոմակայանի մասին:
“Կառավարությունը շարունակելու է նաեւ Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները”,- մասնավորապես նշված էր նույն այս կառավարության անցած տարի ներկայացրած ծրագրում: Սա հետաքրքիր է նաեւ այն տեսանկյունից, որ 2008 թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ Աժ-ին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց` “Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել”:
Սրանից անցել է 4.5 տարի, իսկ նոր ատոմակայանի կառուցումը այդպես էլ չի սկսվում: Կառավարության ներկայացրած ծրագրում նոր ատոմակայանի մասին հիշատակման բացակայությունը կարող է նշանակել, որ Հայաստանը այլեւս հրաժարվել է այդ գաղափարից: