Սաակաշվիլի-Իվանիշվիլի հանդիպումը կայացել է
Թբիլիսիում կայացել է խորհրդարանական ընտրություններին հաղթանակած ընդդիմադիր “Վրացական երազանք”-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը: Նախագահական նստավայրի մուտքի մոտ նախագահը սեղմել է միլիարդատիրոջ ձեռքը, տեղեկացնում է “Грузия-Online”-ը:
Հանդիպմանը թույլատրվել է մասնակցել միայն ֆոտոլրագրողներին: Մամուլի համար հրապարակումներ արվել են հանդիպման ավարտից հետո:
“Շատ լավ է, որ մենք կարողացանք հանդիպել: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքակիրթ ազգ ենք եւ կարող ենք մեր հակառակորդների հետ հանդիպել ժողովրդավարական պայմաններում: Ես բոլորին կոչ եմ անում մեր հակառակորդներին վերաբերվել այնպես, ինչպես որ արժանի է մեր երկիրը, մշակույթը եւ պատմությունը”,-նշել է Իվանիշվիլին` հավելելով, որ իրենք քննարկել են ընդհանուր արտաքին քաղաքական նախադրյալներ, որոնք հիմնականում վերաբերում են եւ ուղղված են եվրոինտեգրման եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացներին:
Սաակաշվիլին իր հերթին երաշխավորել է, որ գործադիր իշխանության փոխանցումը Վրաստանում խաղաղ կանցնի:
2013-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ուժի մեջ կլինեն Վրաստանի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, ըստ որոնց իրական իշխանությունը նախագահից փոխանցվում է վարչապետին: