Նախ Տեր-Պետրոսյանն էր, հետո Քոչարյանը, հետո Սարգսյանը. «մի ջրեք այդ հարցը»
Հեռուստաարխիվը մոնոպոլիա է դարձել օրվա իշխանության համար, այս կարծիքին է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի թիվ մեկ ամեն ինչը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ինքն էր հաղթել Ղարաբաղում, ինքն էր միջպետական հարաբերություններում բարձր նշաձող ապահովել, նույնը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, անտեսվեց Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանի ժամանակ նույնն է, նման արխիվ մեզ պետք չէ»,-խորհրդարանում ելույթ ունենալով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծի մասին՝ ասաց պատգամավորը:
Հակոբյանի խոսքով՝ խնդիրը պետք է իրավական դաշտում կարգավորել. «Պետք է քաղաքական որոշում լինի, և հեռուստաարխիվը տեղափոխվի ազգային արխիվ, մի ջրեք այս հարցը, այն ազգային անվտանգության հարց է»:
Պատգամավորը պատմեց, որ մի քանի տարի առաջ փորձել է 98-99 թվականների Գերագույն Խորհրդի արխիվից մի հատված վերցնել, բայց իրեն չի հաջողվել:
«Ինչպես պարզվեց՝ թաքցնում են, հետագայում տեսա, որ այդ կադրերը կան, ուղղակի ինձ հասանելի չէին, որովհետև քաղաքական որոշում կար, թե ով իրավունք ունի օգտվել արխիվից»,- շեշտեց նա: