Զորավարժությունները շարունակվում են
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զորավարժություններին ամբողջ կազմով ընդգրկված են ՀՀ զինված ուժերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները:
Զորավարժությունների ընթացքում իրականացվում են մի շարք ծավալուն միջոցառումներ, մասնավորապես` նոր կազմավորվող եւ վերակազմավորվող զորամասերի ներգրավմամբ գործողությունների իրականացումը: Այդ զորամասերի վարչակազմերի հետ անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ: Գործնականորեն ստուգվել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի մարտունակությունը, ինչպես նաեւ ԱԱԾ սահմանապահ զորքերի զորահամալրումը եւ միջոցառումների անկացումը` համաձայն պլանի:
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում բարձրացվում է բոլոր կարգի շտաբների պատրաստության որակը, զինված ուժերն ստանում են գործնական փորձ, դաշտային վարժվածություն, ինչպես նաեւ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք ՀՀ զինված ուժերին հնարավորություններ են ընձեռնում հավուր պատշաճի կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները:
Զորավարժությունների պլանի համաձայն` փորձակվել են անօդաչու թռչող սարքերը, առաջին անգամ հակատանկային ստորաբաժանումները գործնականում կիրառել են նոր հակատանկային միջոցները, որոնք նախատեսված են հակառակորդի ակտիվ պաշտպանություն ունեցող զրահատեխնիկան խոցելու համար, մեկ անգամ եւս հստակեցվել են հրթիռային զորքերի խմբավորման եւ կիրառման հարցերը
Իրականացվել են կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կապված մի շարք միջոցառումներ, մասնավորապես` արագ զորաշարժերի իրականացումը, բարդ, փոփոխվող իրավիճակում ծագող առանձին խնդիրների լուծումը: Առաջին անգամ հակաօդային պաշտպանության զորքերն ամբողջ ծավալով իրականացրել են բարդ մարտավարական հնարքներ` հաշվի առնելով հավանական հակառակորդի ավիացիայի քանակական աճը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվանից անցկացվել են բազմաթիվ զորավարժություններ: Հատկապես վերջին տարիներին անցկացված օպերատիվ մարտավարական, ինչպես նաեւ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները վկայում են, որ ՀՀ զինված ուժերը բարձրացնում են մարտունակությունը եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները: