03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

Մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որին մասնակցում էին ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը եւ հանդես եկավ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով։

ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորելով Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահեցրին, որ ամենայն աջակցություն կցուցաբերեն հայկական նախագահության նախաձեռնությունների իրականացմանը:

 

 Կից ներկայացվում է էդվարդ Նալբանդյանիի ելույթը.

“Հարգելի գործընկներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր առանձնակի պատիվ է հանդես գալ այս ամբիոնից որպես Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի նախագահ, մի կառույց, որը Եվրոպայում ամենահին եւ ամենահեղինակավոր կազմակերպություններից է:

Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ Նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը լավ հնարավորություն, մարտահրավեր եւ մեծ պատասխանատվություն է:

Հնարավորություն, որովհետեւ Հայաստանը լինելու է առաջատար դիրքերում՝ առաջնորդելու ԵԽ անդամ երկրների ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական Եվրոպայի զարգացմանը:  Մարտահրավեր, որովհետեւ եվրոպական մայրցամաքը այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Մեծ  պատասխանատվություն, որովհետեւ ԵԽ հաջողությունը կախված է ոչ միայն կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկրի ներդրած ջանքերից, այլ նաեւ այդ ջանքերի ճիշտ առաջնորդությունից։

Հայաստանը, որի եվրոպական ինքնության արմատները սերում են ընդհանուր արժեքներից, գաղափարներից եւ ժառանգությունից, վստահորեն ստանձնում է այս պատասխանատվությունը:

Հարգելի գործընկերներ,

Մեր նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք մեր կարծիքով առավել էական են եւ պահանջում են անհապաղ արձագանք: Այդ նպատակով մենք ձգտելու ենք մեր ներդրումն ունենալ  Եվրոպայի Խորհրդի կարողությունների ամրապնդմանը:

Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը,  մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:

Անհանդուրժողականությունը եւ այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը եւ վտանգում են մեր հասարակությունների ներդաշնակությունը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական եւ այլատյացության  հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, քանի որ դա  պղծում է մարդկանց հոգիները,  հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում եւ անվստահություն սերմանում, ինչպես նաեւ բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին:

Հայաստանի նախագահությունը իր աջակցությունն է բերելու «Ոչ ատելության խոսքին» շարժմանը, կարեւորելով առցանց երիտասարդական արշավը ուղղված ատելության հռետորաբանության դեմ պայքարին:

Միջմշակութային երկխոսության խթանումը արդյունավետ գործիք է եվրոպական հասարակություններում ավելի լավ փոխըմբռնման համար: Բազմազանությունը Եվրոպայի ուժն ու հարստությունն է, եւ մենք պետք է ջանք չխնայենք՝ պահպանելու մեր ընդհանուր առանձնահատուկ մշակութային ժառանգությունը: Հայկական նախագահությունը կընդունի 2013թ.-ի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության նախաձեռնությունը:

Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության չափանիշների սահմանումը այս կազմակերպության գերակա ոլորտն է: Մենք պետք է ավելի ամրապնդենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համընդհանուր կիրառումը: Սա անհրաժեշտ նախապայման է Եվրոպայում բնակվող բոլորի իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

Օրենքի գերակայության եվրոպական ստանդարտներին վերստին անդրադառնալու նպատակով, ի շարունակումն Եվրոպայի խորհրդի Միացյալ Թագավորության նախագահության ջանքերի, Հայաստանի նախագահության շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանը Երեւանում համաժողով է կազմակերպելու «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով:

Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին նախագահությունների համար եւ այն մնալու է մեր գերակայությունների շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է հանդիսանում: Այս ուղղությամբ մենք հիմնականում կկենտրոնանանք տեղական ու ռեգիոնալ խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացման վրա: Այս  նպատակով կկազմակերպվի համապատասխան համաժողով՝ նվիրված Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում այդ ոլորտում առկա լավագույն փորձին:

Հայաստանի նախագահությունը նաեւ հատուկ ուշադրություն կդարձնի մայրաքաղաքների խնդիրներին՝ հաշվի առնելով նրանց դերը, կշիռը եւ ազդեցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում եւ տեղական ժողովրդավարության զարգացման մեջ:

Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարեւոր աշխատանք է տանում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը ներկայումս առաջնորդում է Հայաստանը։ Չնայած շոշափելի արդյունքների առկայությանը՝ կարեւոր է շարունակել ջանքերը դրանց առավել ամրապնդման նպատակով:

Հայաստանը նաեւ հատուկ ուշադրություն կդարձնի մասնակցային ժողովրդավարությանը եւ համապատասխան գիտելիքների տարածմանը հատկապես երիտասարդության շրջանում: Այս նպատակով Երեւանում կկազմակերպվի սիմպոզիում, որը հարթակ կծառայի երիտասարդական մասնակցության վերաբերյալ տեսակետների փոխանակման եւ խորքային քննարկումների համար:

Հայաստանի նախագահությունը մեծ կարեւորություն է տալիս Եվրոպայի խորհրդի գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի հարուստ եւ բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության բարձրացմանը:

Հայաստանի նախագահությունը նաեւ կնպաստի  Եվրոպայի խորհրդի՝ այլ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը: Նման համագործակցությունը էական է գործադրվող ջանքերի առավել արդյունավետ համադրման համար: Մենք ուշադրությամբ հետեւելու ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Եվրամիության միանալու գործընթացին, որն էլ ավելի կնպաստի միասնական եվրոպական իրավական տարածքի ստեղծմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի հետ: Հաջորդ վեց ամիսների ընթացքում նշված կառույցների երկու խոշոր միջոցառում է ծրագրված անցկացնել Երեւանում:

Մենք կապահովվենք հաջորդական նախագահությունների շարունակականությունը սերտորեն համագործակցելով նախորդ՝ Անդորայի եւ հաջորդ՝ Ավստրիայի նախագահությունների հետ։

 

Տիկնայք եւ պարոնայք

Հայաստանը բարի կամքով կհամագործակցի բոլոր անդամ պետությունների հետ, որոնք կամենում են ներգրավվել Եվրոպայի խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ կառուցողական երկխոսության մեջ եւ որոնք ցանկանում են ներդրում ունենալ այս կազմակերպության նպատակների իրագործմանը:

 

Շնորհակալություն”:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ