«Ռեստորանային երաժշտությունը պիտի մնա ռեստորաններում, ակումբայինն` ակումբներում»
Երգիչ Արթուր Իսպիրյանը կարծում է, որ որոշ մարդկանց ճաշակն այնպես պիտի փոխվի, որ իրենք ամաչեն լսեն ցածրակարգ երաժշտություն, և հեռուստատեսությունը պիտի դրան նպաստի: «Ես սովետական տարիներին եմ մեծացել ու երբեք հեռուստատեսությամբ ցածրաճաշակ ոչինչ չեմ տեսել: Այս անկախության տարիներից սկսած, երբ որ այդ ֆիլտրը վերացավ, որ ինչ կա-չկա, գալիս է եթեր, երբ սեփականացվեց, ստեղծվեց մի իրավիճակ ով ինչ ուզում անում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա
անդրադառնալով Հ1-ով հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագծին, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ:
«Երբ հարցրեցի հաղորդման պրոդյուսերին` ինչու եք եթեր տարել, ասաց` դու հլա չգիտես, հետո զարգանալու է, իրենք սկսելու են էստրադային ու ժողովրդական երգեր երգել, կամաց-կամաց ուզում ենք փորձել ու դաստիարակել: Այսպիսի բաներ ասաց, ես էլ չհասկացա` ինչու մենք պիտի այս ամեն ինչը տեսնենք, դաստիարակեիք, նոր եթեր տայիք»-պատմեց նա:
Ըստ երգչի` ռեստորանային երաժշտությունը պիտի մնա ռեստորաններում, ակումբայինն` ակումբներում, իսկ հեռուստատեսությունն ավելի դաստիրակարող, կրթող պիտի լինի, մանավանդ Հանրային հեռուստատեսությունը: Արթուր Իսպիրյանի խոսքով` դրանից ավելի վատ ազդեցություն են ունենում հեռուստասերիալներն, որոնք սերունդ են դաստիարակում.
«Այդ արդյունքը մենք ամեն օր տեսնում ենք, փողոցներում այս լկտիությունները, խոսելու ժառգոնը, երիտասարդների մազերի կտրելու ձևն ու հագուկապը: Բոլորը ընդօրինակում են ու ուրիշ ընդօրինակելու տեղ չունեն: Գիտեք` մեր հնարավորոթյունները ճամփորդելու Եվրոպայում կամ այլ զարգացած երկներում քիչ են, իրենք հեռուստատեսությունից են ընդօրինակում»,-եզրափակեց նա: