Որ շաքարախտով հիվանդ գեներալ Մանվելը բուժվի. Հայկական ժամանակ
Մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով դեղորայք գնելու անվճարունակության եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` “գեներալ Մանվելը”, չորս օրով մեկնել է Ֆրանսիա` շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով:
Նա, ինչպես թերթին հայտնեցին ԵԿՄ-ից, Ֆրանսիա է մեկնել նախօրեին եւ պետք է վերադառնա այսօր: Ազատամարտիկների միջեւ առաջացած սոցիալական անհավասարությունը իհարկե նոր երեւույյթ չէ: Նստացույցի դիմած գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկնաբանելով գեներալ Մանվելի Ֆրանսիա կատարած այցը թերթի թղթակցին ասել է.
“Եթե ես էսօր հիվանդանամ, որովհետեւ սիրտս մի քիչ լավ չի, եթե պետք լինի ստենդավորել, 1 միլիոն, 2 միլիոն դրամի կարիք կլինի… Ես պիտի մեռնեմ: Հնարավորություն չկա: Պետությունն ինձ պետք է աջակցի, ասենք, 100 հազար դրամով կամ 200 հազար դրամով: Ես կմեռնեմ, ինձ որպես զոհված ազատամարտիկ կտանեն, կթաղեն”:
Ավետիսյանը, սակայն, դեմ չէ, որ Մանվել Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա հետազոտման. “Եթե հիվանդությունը կա. պարտավոր է բուժվել,-ասել է նա: Նստացույցի դիմած մեկ այլ ազատամարտիկ` Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո), նույն հարցի վերաբերյալ ասել է, որ ինքն իրավունք չունի կարծիք հայտնել հրամանատարի մասին: “Որ հիվանդ ա, ինքը պետք է բուժվի: էդ միանշանակ”,-ասել է Ռեմբոն, ումից Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը ետ էր վերցրել գեներալի տված հուշամեդալը: