Ծաղրանկար՝ Էրդողանի սկանդալային հայտարարության վերաբերյալ /ֆոտո/
Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ծաղրանկարը: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ծաղրանկարիչն անդրադարձել է Էրդողանի՝ Իրաքի վարչապետ Հեյդար Իբադիի հասցեին արած սկանդալային արտահայություններին:
Իրաքի վարչապետ Հեյդար Իբադին Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից: Այս պահանջին բավականին խիստ էր արձագանքել Թուրքիայի նախագահը՝ Իբադիին դիմելով ասել էր. «Դու իմ զրուցակիցը չես, իմ մակարդակին, որակին չես: Իրաքում քո գոռում-գոչյունը մեզ համար կարևոր չէ: Ո՞վ է սա: Թող նախևառաջ իր չափը ճանաչի»:
Ծաղրանկարում Էրդողանը ձեռքում ցուցակ է բռնել և, դիմելով Իբադիին , ասում է.«Էյ Իբադի, դու իմ որակին չես, այս ցուցակը նայի՛ր ու տե՛ս՝ որակը որն է»:
Ցուցակում ծաղրանկարիչը ներկայացրել է նախագահական պալատի ծախսերը. «Հեռախոս՝ 1 միլիոն, ջուր՝ 3 միլիոն, ջեռուցում՝ 8 միլիոն, էլեկտրաէներգիա՝ 9 միլիոն, հյուրերի ընդունելություն՝ 30 միլիոն, անձնակազմ` 67 միլիոն, չհրապարակված ծախսեր՝ 150 միլիոն լիրա»: