Լարված է եղել. Հրապարակ
Նախորդ օրը “Ժառանգության” քաղխորհրդի նիստը տեւել է 3 ժամ եւ անցել է բավական լարված մթնոլորտում` 2-ն ընդդեմ 22-ի ֆորմատով: Նիստին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը նախ լսել է “կողմերին”, ապա ընդվզող կողմին առաջարկել է վերջնագրերով չխոսել, ինքը եւս կողմ է եղել մանդատները վերցնելուն: Օրակարգի միակ հարցը, բնականաբար, առնչվել է Երեւանի ավագանու մանդատների ճակատագրին:
Դրանք վերցնելուն դեմ են արտահայտվել “Բարեւ, Երեւանի” համամասնական ցուցակից Ալեն Սիմոնյանը եւ Սուսաննա Մուրադյանը: Ա. Սիմոնյանն իր տեսակետը հիմնավորել է հերթական չընտրված մարմինը չլեգիտիմացնելու պատճառաբանությամբ: Ս. Մուրադյանը նշել է, որ համաձայն կլինի մանդատները վերցնելուն այն դեպքում, եթե հերթականությունը “Ժառանգության” շահերից բխի:
Թերթի հիշեցմամբ` “Բարեւ, Երեւանի” ցուցակից ավագանու մանդատ են ստանալու 6 պատգամավորներ: Ս. Մուրադյանի ակնարկը, ըստ թերթի աղբյուրների, առնչվել է ԺՈւԿ ներկայացուցիչ Էմանուել Գասպարյանին, որը նույնպես ցուցակով ավագանու անդամ կդառնա: “Միջնորդությունը” չի ընդունվել: Եթե ընդունվեր, նրա փոխարեն մանդատ կստանար երգիչ Արթուր Իսպիրյանը, որի կատարմամբ էր հնչում “Բարեւ, Երեւանի” հիմնը:
Ինչ վերաբերում է մանդատ վերցնելու ջատագովներին, ապա նրանք գտել են, որ պետք է վերցնել ու “ճակատամարտել”,թույլ չտալով ապօրինի որոշումներ, հողհատկացումներ եւ այլ անօրինականություններ քաղաքապետարանում:
Ի դեպ, ինքնաբացարկի դիմում ներկայացրած “Ա1+”-ի ղեկավար Մելս Մովսեսյանը չի մասնակցել քաղխորհրդի նիստին, սակայն, որպես բարի կամքի դրսեւորում, տեղյակ է պահել, որ ուղիղ եթերով կհեռարձակի ավագանու նիստերը: