«Կլիներ զարմանալի, բայց նաև խելացի` իշխանություններից կողմից, եթե ընտրվեր Քրիստ Մարուքյանը» (վիդեո)
«Ես զարմանում եմ նրանց վրա, ովքեր լավատեսություն ունեին` կապված ՏԻՄ ընտրությունների հետ»,-այսօր ասուլիսին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով ՀՀ բոլոր ընտրությունները ներառյալ առաջին ընտրություններն արդար ու ազատ չեն եղել: «25 տարվա հզոր տրադիցիա կա արմատացած երկրում, և տեսնում ենք, որ քանի գնում է, իշխանությունը որքան վտանգ է զգում իր համար հասարակությունից, փոխանակ գոլորշին բաց թողնելու, շատ ավելի է սեղմում և ճնշում գործադրում, այսինքն` շատ ավելի բաց ու անկաշկանդ մեթոդներով է գնում դեպի ոչ ազատ ու արդար ընտրությունների: ՏԻՄ ընտրություններն ընդամենը դրա շատ փոքրիկ ցուցիչն են, և անկեղծ ասած զարմացած եմ, որ այսքան լրջորեն մարդիկ մոտեցան ՏԻՄ ընտրություններին»,-հավելեց նա:
Ըստ նրա ոչ մի արտառոց բան չի կատարվել Վանաձորում, որտեղ երկուշաբթի օրը կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Նշենք` մյուս թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանն էր, որին պայամնավորվել էին սատարել ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ը ևս: «Եթե ընտրություններն անցնեին նորմալ, ու Վանաձորում անցներ Քրիստ Մարուքյանը, կլիներ զարմանալի մի բան, բայց նաև խելացի բան իշխանության կողմից, որովհետև դրանով գոլորշին որոշակիորեն բաց կթողնվեր: Բայց տեսանք, որ կա սարսափելի անզիջում ու անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ, և իշխանությունն ամենևին չի մտահոգվում, թե ինչ կմտածեն, ինչ կասեն»,-կարծում է Հայկ Մարտիրոսյանը:
Նրա համոզմամբ` Վանաձորի քաղաքապետը լուրջ քաղաքական պաշտոն չէ, վարչական տարածքային լուրջ լծակներ ունեցող պաշտոն է, սակայն ընդամենը դա:
Մանրամասները` տեսանյութում: