Առանց Ռիտա Սարգսյանի. Հրապարակ
“Փարավոն” զվարճանքի եւ հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան՝ մոտ հազար մարդ: Ըստ թերթի, կենտրոնում ՀՀ երկու նախագահներն են եղել. Սերժ Սարգսյանի մի կողքին նստած է եղել Լուկաշենկոն, մյուս կողքին՝ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն այլ առիթների, այս անգամ տիկնոջ հետ չի եղել:
Ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի տիկնայք: Սեղանների շուրջ նստած են եղել վաղուց մոռացված եւ քաղաքական դաշտից դուրս եկած անձինք:
Ծառուկյանը որոշել էր աննախադեպ համազգային հավաք անել՝ բոլոր դաշտերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երեկոյի համերգային ծրագիրը բացել է Իսրայելից ժամանած խումբը, որից հետո հանդես են եկել ռուսական եւ հայկական խմբեր: Խնջույքն սկսել են եկեղեցու բացման, ապա ծնողների եւ երրորդը՝ Սերժ Սարգսյանի կենացը խմելով:
Հետո հաջորդել են Լուկաշենկոյի ու Քոչարյանի կենացները: Մեկուկես ժամից Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն հեռացել են, քանի որ երեկոյան Բատկան պետք է արդեն մեկներ հայրենի Բելառուս: