Ինձ մեկուսացրել էին. Վիկտոր Դալլաքյան (վիդեո)
«ՀՀ նոր ԸՕ-ի համաձայն միայն կուսակցությունները կարող են մասնակցել խորհրդրանական ընտրություններին, այն ձևաչափը, որին ես կմասնակցեմ, կլինի համապատասխան կուսակցական ցուցակը: Ես խոստանում եմ, որ այս ամսվա ընթացքում հրապարակային կտեղեկացնեմ այդ ցուցակը»,-այսօր ասուլիսին ասաց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այսօր նա հայտարարեց, որ հրաժարվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է իր այս որոշումը, նա ասաց, որ հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօր: «Որևէ մեկն այսօրվա իմ հայտարարությունների մասին չգիտի, ես առավոտյան համապատասխան դիմումները ներկայացրել եմ ՀՀ նախագահի նստավայր և 12:00-ին, երբ սկսվել է ասուլիսը, ներկայացվել են դիմումները նախագահական»:
Դալլաքյանը հայտարարեց, թե փորձելու է իր ու իր ապագա կուսակցության ուժերի սահմաններում ջարդել կարծրատիպը, թե իշխանափոխություն հնարավոր չէ Հայաստանում: Ի դեպ, նա շեշտեց, թե այնպես չէ, որ նեղսրտած է Սերժ Սարգսյանից, և թե հենց այդ պատճառով է որոշել տեղափոխվել ընդդիմադիր դաշտ՝ ևս մեկ անգամ հաստատելով իր՝ տարիներ առաջ արած հայտարարությունները՝ Նախագահի՝ կազինո հաստատելու մասին:
«Ես սխալվել եմ, երբ համաձայնել եմ անդամակցել ՀՀԿ-ին»,-ասաց նա, միանշանակ շեշտեց, թե երբ նշանակվել է պաշտոնի նախագահականում, ասել է, որ Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչը պետք է ունենա ելույթի հնարավորություն, այլ առաջարկներ էլ են ներկայացվել, բայց որևէ առաջարկ չի ընդունվել. «Ինձ մեկուսացրել էին, տվել էին մի աշխատանք, որը քաղաքականության կամ օրենսդրության վրա չի ազդել»: