Կաթնամթերքն էժանացել է, շաքարավազն ու մրգերը՝ թանկացել
2016թ. սեպտեմբերին՝ օգոստոսի ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների ընդհանուր մակարդակի 0.2% և 0.6% հավելաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:
ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի 4.8% գնանկումը: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. սեպտեմբերին, 2015թ. սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 19.0%, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ 4.8% գնանկում: 2016թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գազարի գինը նվազել է 21.7%-ով, գլուխ սոխինը` 21.2%-ով, վարունգինը՝ 20.9%-ով, կաղամբինը՝ 10.1%-ով, ճակնդեղինը՝ 7.2%-ով, ծաղկակաղամբինը՝ 6.5%-ով, կարտոֆիլինը՝ 6.5%-ով, լոլիկինը՝ 3.8%-ով, կանաչ պղպեղինը՝ 2.8%-ով, կանաչ լոբունը՝ 0.4%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 1.3%, սխտորի՝ 13,0%, խառը կանաչեղենի`19.0%, սմբուկի՝ 30.8%, կանաչ սոխի 33.1% գնաճ: Համաձայն ԱՎԾ-ի՝ կաթնամթերքի ապրանքախմբում 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.3%, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ՝ 0.5% գնանկում: Գները նվազել են նաև մսամթերքի ապրանքախմբում: Հացամթերքի խմբում նույնպես գների նվազում է արձանագրվել: Գներն աճել են մրգերի ապրանքախմբում: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2016թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, մրգի գներն աճել են 0.5-11.9%-ով: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 2.4%-ով: ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ ձվի հանրապետական միջին գինը 2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ աճել է 15.5%-ով, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ՝ 1.0%-ով: Թանկացած ապրանքներից է նաև շաքարավազը: Այն 2015թ. սեպտեմբերի համեմատ աճել է 9.8%-ով, իսկ 2016թ. օգոստոսի համեմատ՝ 4.6%-ով: Ձկնամթերքը, ոգելիչ խմիչքն ու ծխախոտը նույնպես թանկացել են: