Վովայի “ականջն է ընկել”. Իրատես de facto
Տոնական օրերին, ի թիվս այլ հայտարարությունների, ուշագրավ բացահայտում արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նկատելով, որ Հայաստանի իրավապահ մարմիններին տրվող ֆինանսները “քչություն” են անում:
“Ամեն մի մարդու վրա մի ոստիկան կլինի, եթե մարդիկ վճարեն ոստիկանությանը: Բայց հլը որ չեք վճարել նման գումար, սիրելի հարկատուներ, մենք այնտեղ ենք, որտեղ կարող ենք լինել ֆիզիկապես”,- հայտարարել է ոստիկանապետը: Սա համակարգում աշխատողների, հատկապես շարքային ոստիկանների սրտին “դարման” է եղել:
Թերթի աղբյուրի դիտարկմամբ, վերջերս ոստիկանները ներքին “խորհրդակցությունների” ժամանակ շատ հաճախ են բարձրաձայնում աշխատավարձի ցածր լինելու հանգամանքը: Ավելին, Վլադիմիր Գասպարյանն այս հայտարարությամբ նաեւ անուղղակիորեն “հասկացնում” է “չուզողներին”, որ նախքան իրենց ձախողումները ոստիկանների վատ աշխատանքի վրա բարդելը, բարի լինեն վճարել:
Մեր աղբյուրը պնդում է, որ այս խոսքերը հստակ հասցեատերեր ունեն, որոնք օլիգարխիկ-գործարար շրջանակից են եւ վերջերս ինչ-ինչ առիթներով դժգոհել են ոստիկանությունից, ինչը “եկել-ընկել” է ոստիկանապետի ականջը:
Փաստորեն, Գասպարյանը նաեւ “մեսիջներ” է ուղարկել համապատասխան ուղղություններով: