Արի տուն` կասեմ. 168 ժամ
Ոչ այնքան բարձրաստիճան մի պաշտոնյա, թերթի թղթակցին պատմել է, որ վարձակալության տալով իր բնակարանը սիրիահայ ընտանիքի, տհաճ վիճակում է հայտնվել: Սիրիահայ ընտանիքը հրաժարվել է վճարել նախապես պայմանավորված գումարը, իսկ երբ ինքը պահանջել է ազատել բնակարանը, սիրիահայ ընտանիքը դիմել է Սփյուռքի նախարարություն:
Այնտեղից նրան զանգահարել եւ սպառնացել են, որ եթե հանգիստ չթողնի այս ընտանիքին, իր անունը կհրապարակեն` որպես ազգադավ ու անհոգի մի մարդու, ով դժբախտության մեջ հայտնված մարդկանց ուզում է դուրս հանել իր բնակարանից: Պաշտոնյան զգուշացրել է, որ իրեն կարող են զրկել աշխատանքից, եւ դրա համար որոշել է անանուն բողոքել:
“Մի կողմից` կարելի է հասկանալ մարդուն, ով չի կարող տնօրինել իր սեփականությունը, բայց մյուս կողմում էլ` ընտանիք է, ով կարող է հայտնվել փողոցում, եւ չգիտի` թե ում դիմի, բացի Սփյուռքի նախարարությունից: Բայց արդյո՞ք սա հարցի լավագույն լուծումն է, եթե, իհարկե, կարելի է դա լուծում համարել:
Եթե այդպես մեկ կամ մի քանի ընտանիքի հարց լուծվում է, ապա հարյուրավոր այլ ընտանիքներ կարող են ընդհանրապես զրկվել բնակարան գտնելու հնարավորությունից, քանի որ սեփականատերերն այլեւս խուսափում են սիրիահայերին վարձակալությամբ անշարժ գույք տրամադրել”,-գրում է թերթը: