Լուիզա Ղամբարյանը կզոհաբերի … /վիդեո/
Լուիզա Ղամբարյանը` նոր սերիալում
Լուիզա Ղամբարյանն առաջին հայ դերասանուհին էր, ով համարձակվեց նկարահանվել հեռուստասերիալում: ՛՛Բավական լուրջ քայլ էր, և կարող եմ ասել՝ այո, ժամանակը ցույց տվեց, որ դա արդարացված էր՛՛,-պատմեց դերասանահունին Henaran.am-ի հետ զրույցում:
Դերասանուհին մտավախություն է ունեցել, քանի որ մինչ այդ լուրջ կենսագրություն է վաստակել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Սակայն սերիալը նույնիսկ դրական ազդեցություն է ունեցել թատրոնի կարիերայի վրա, քանի որ ՛՛ոմանք գալիս էին թատրոն՝ տեսնելու Աննայի խաղը՛՛,-նշեց Լուիզան:
Մեկ տարի է Լուիզա Ղամբարյանը սկզբունքորեն չի նկարահանվում որևէ սերիալում: ՛՛Նախ մոտ հինգ տարի ամեն օր լինել եթերում, դա սխալ է: Յուրաքանչյուր արվեստագետ, դերասան պետք է կարողանա ճիշտ պահին սեղմել դադարի սեղմակը: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե երբ է հոգնեցնում, դառնում սովորական, մատչելի և հասարակության համար գաղտնիքը կորցնող մի տարր, էլեմենտ՛՛,-ասաց Ղամբարյանը: Նա մեզ պատմեց նաև, որ նկարահանվելու է նոր սերիալում, իսկ նոր դերը շատ ավելի հոգեհարազատ է՝ ասելիքի առումով:
Դերասանուհին համաձայնեց, որ այսօրվա սերիալների հանդեպ ձեւավորված քննադատակն ալիքը իրական հիմքեր ունի: ՛՛Սերիալը վատ բան չէ, ամբողջ աշխարհում գործող երևույթ է: Համեմատել մեր սերիալները զարգացած երկրների սերիալների հետ, սխալ է: Նույնն է թե հայկական ֆուտբոլը համեմատես բրազիլական ֆուտբոլի հետ: Այն մեզ մոտ մի քանի տարվա պատմություն ունի: Բայց մի քանի բաներ կան, որ լուրջ պետք է դրանց նայել՝ սերիալի սցենարին ու նկարահանվող դերասաններին:
Լուիզան ոչ միայն հեռուստատեսությունում է, այլև բեմում
Լուիզա Ղամբարյանը բացի հեռուստատեսությունից խաղում է նաև բեմում: ՛՛Թատրոն, թե կինո՛՛, որն է նախընտրելի հարցին, նա պատասխանեց.
՛՛Երկուսն էլ, նման հարցադրումը այս դարի դերասանի համար միամիտ հարցադրում է: Եթե կարող ես քո ուժերը դրսևորել և այնտեղ, և այնտեղ, ապա ինչու ոչ: Իհարկե, ցանկացած թատրոնի արտիստ շահում է սերիալում՛՛:
Ընտանիք, ամուսին, երեխա, աշխատանք. ինչպե՞ս համատեղել:
՛՛Ամուսնուս հետ հանդիպել եմ շատ տարիներ առաջ, երբ ընկերուհիս լուրջ առողջական խնդիրներ ուներ և երբ գնալու էր նրա մոտ, ես նրան ուղեկցեցի, այդպես ես հանդիպեցի այն մարդուն, ով պետք է լիներ իմ ամուսինը, իմ երեխայի հայրը՛՛,-հիշում է Լուիզան:
՛՛ … Եթե կնոջ ամեն մի կանացի, մայրական ցանկացած քայլը խրախուսվում և գնահատանքի է արժանանում, այդ կինն ունի էներգիայի տեղ և այդ կինը կարողանում է իր ընտանիքի համար անել ամենը: Եթե այն աշխատանքը, որով դու զբաղվում ես, բացի նրանից, որ դու ես դա սիրում, այլև այդ աշխատանքն է քեզ սիրում, իմ պարագայում՝ ծափերի, հանդիսատեսի սիրո տեսքով, դարձյալ շարունակում ես աշխատել, դժվար չէ. ավելի հետաքրքիր ու հաճելի է այդպես ապրելը՛՛:
Դստեր մասին. “Նկարչուհի, երգչուհի, դերասանուհի, իր գործն է, բայց առաջին հերթին կուզենամ, որ ինքը լինի լավ մարդ՛՛,-ընդգծեց Լուիզան:
Հանուն սիրո բեմն էլ կթողնի
Հանու սիրո կամ ընտանիքի համար դերասանուհին պատրաստ է նույնիսկ բեմը թողնել. ՛՛Եթե լինի այն հանունը, որի համար ես հասկանամ, որ պետք է, կզոհեմ, բայց շատ բան եմ արել այս ամենն ունենալու համար:
Պատահական չէ, որ ես ընտրել եմ այնպիսի ամուսին, որը դեմ չլինի, պատահական չէ, որ ես ապրում եմ էսպես, դա մտածված է, դա հենց էնպես չի եղել: Բայց եթե լինի այն հանունը, կթողնեմ՛՛:
Լուիզա Ղամբարյանի հետ զրուցեցինք դրամատիկական թատրոնում, երբ պատրաստվում էր բեմ դուրս գալ:
Հարցազրույցի հետաքրքիր մանրամասները՝ տեսանյութում: