Հեֆֆերնը մատնանշեց հայ գործարարների սխալները
Երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը մեկ և կես տարի առաջ եկել է Հայաստան, նա այստեղ հանդիպել է Սթիվ Վոզնյակին: Վերջինս Հեֆֆերնին պատմել է, որ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրմամբ է զբաղվել և նկատել է, որ հայերն այդ ոլորտում բավական առաջընթացներ ունեն: Այս մասին այսօր ‘՛Սինոփսիս՛՛ Արմենիայի գիտաարտադրական կենտրոնում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի ՛՛Հաղթողների՛՛ ակումբի անդամների և ՀՊՃՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Հեֆֆերնը: Նա հավելեց, որ այստեղ գտնվելու ընթացքում ինքը ևս դրանում համոզվել է:
Հեֆֆերնին հարցեր էր ուղղում ‘՛Սինոփսիս՛՛ ընկերության գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Նրա հաջորդ հարցը վերաբերում էր հայաստանյան գործարար ոլորտին: Այստեղ Հեֆֆերնը երեք խնդիր առանձնացրեց: Նախևառաջ, ըստ նրա, այնտեղ բացակայում է մրցակցությունը, որը լավ բան է: Երկրորդ խնդիրը թափանցիկության բացակայությունն է, և երրորդը դատական համակարգում եղած բացերն են:
Հարցին, թե որն է Հայաստանի ապագան, ԱՄՆ դեսպանը պատասխանեց, որ ամենակարևորը Հայաստանի համար Եվրամիությունն է:
Հեֆֆերնը հավելեց, որ իրենք ողջունում են Հայաստանի հարաբերությունները ՌԴ-ի հետ, սակայն միաժամանակ վստահ են, որ մեկ երկրի վրա հիմնվելով չի կարելի հաջողության հասնել: ”Ռուսների դեմ ոչինչ չունենք, պարզապես կարծում ենք, որ հայ ժողովրդի համար Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը օգտակար կլինի”: ԱՄՆ դեսպանը ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերություններում սխալը Թուրքիան է եղել, ով չճանաչեց արձանագրությունների առանց նախապայմանների լինելը:
Պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին` ԱՄՆ դեսպանն ասաց, որ աշխատանքներ են տարվում տուրիզմի ու սննդի հետ կապված հարցերում:
”Սննդի մշակում, որպեսզի մարզերի բնակիչները կարողանան ավելի լավ կապված լինել Երևանի հետ, իրենց ապրանքները արտահանել: Տուրիզմի հետ կապված մեծ ներուժ ունի Հայաստանը, կան էկզոտիկ տարրեր, որոնք շատ այլ երկրներ չունեն, նույնիսկ կրոնական տուրիզմը կարելի է զարկ տալ”:
Նա ընդգծեց, որ ներկայումս Հայաստանը լավ հնարավորություն ունի քաղ.ավիացիայի ոլորտում:
”Միջինասիական չվերթները կարող են գալ Հայաստան, և Հայաստանն այս պահին ունի իր համար ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն: Գները կէժանանան, մարդիկ կգան Հայաստան ու կտեսնեն այն արժեքները, որոնք ես ու իմ կինն արդեն տեսել ենք”,-եզրափակեց Հեֆերնը: