Ազատագրել եք, որ ինչ անենք … Առավոտ
“Առավոտի” խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
Չեմ ուզում հերթապահ բառեր գրել մայիսի 9-ի մասին` “եռատոն, հաղթանակների ամիս եւ այլ”: Արժանին մատուցենք բոլորին` մեր երեք նախագահներին, Վազգեն Սարգսյանին, ազատամարտիկներին, ամբողջ հայ ժողովրդին, որոնց շնորհիվ մենք կարողացել ենք ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը: Մինչ այդ դարեր շարունակ կորցրել ենք: 20-րդ դարի վերջում կարողացանք ինչ-որ բան վերադարձնել: Չգնահատել այդ փաստը անխոհեմություն է: Սակայն ձեռք բերածը պահպանելը երբեմն ավելի բարդ գործ է լինում: Իսկ այդ վտանգը միշտ էլ առկա է: Հատկապես մեր դեպքում հաշվի առնելո մեր տնտեսական բարոյական, հետեւաբար ժողովրդագրական վիճակը:
Մասնգետները պնդում են, որ բնակչության քանակի որոշակի ներքեւի շեմն անցնելուց հետո տվյալ պետությունը կորցնում է իր պաշտպանութնակությունը, որքան հրաշալի բանակ էլ ունենա: Իսկ մեր երկու հարեւաններն ամեն ինչ կանեն, որպեսզի այս տարածաշրջանում հայկական պետություն գոյություն չունենա: Երբ ենք մենք անցնելու այդ շեմը. 10, թե 20 տարի հետո` հատուկ հաշվարկներ են պետք:
Բայց պարզ է, որ այսպես շարունակելու դեպքում մենք այդ աղետաբեր սահմանին վաղ թե ուշ կհասնենք եւ դրանից հետո մեզ այսեղից /այստեղից ասելով, իհարկե, նկատի ունեմ նաեւ Արցախը/ ամբողջապես քշելը հիշյալ երկու պետությունների համար տեխնիկական խնդիր կլինի: Իսկ այդ դեպքում մայիսի 9-ը` Շուշիի ազատագրումը եւ մնացած բոլոր հաղթանակները կմնան որպես դասագրքային փաստեր: Այսպես ասած` էջեր մեր հերոսական անցյալից:
Քաղաքական ուժերը դա դիտում են որպես քաղաքական պայքարի խնդիր. մի կողմից իշխանությունը գլուխը մտցնում է ավազի մեջ, ասում է, որ ոչ մի սարսափելի բան չկա, ամեն ինչ նորմալի սահմաններում է եւ հանգիստ շարունակում է ընդունել իր կալորիաները, մյուս կողմից ընդդիմությունն ըստ էության ասում է` մինչեւ մենք չգանք իշխանության արտագաղթը չի դադարի: Էմպիրիկ ձեւով այս վերջին պնդումը ստուգել հնարավոր չէ, որովհետեւ մենք կգանք իշխանության արտահայտությունը ավելի շուտ ցանկությունների եւ ոչ թե իրական պայքարի եւ հաշվարկների ոլորտից է:
Մինչդեռ այս խնդիրը քաղաքական չէ, ազգային է:Իհարկե, կառավարությունը այս հինգ տարում մատը մատին չի խփել: Հայաստանի դեպոպոպուլյացիան /դա միայն արտագղթը չէ, այլեւ ծնելիության անկում եւ մահացության ավելացում/ կանխելու համար առայժմ ոչ մի նշան չկա, որ նման քայլեր պիտի ձեռնարկվեն:Բայց սա ոչ միայն կառավարության խնդիրն է.ես վստահ եմ, որ անտարբերության, ապատիայի, նեղանալու փախչելու մթնոլորտը ստեղծում են ոչ միայն օբյեկտիվ տնտեսական հանգամանքները, այլեւ քաղաքական-հասարակական գործիչների, մտավորականների պոպուլիստական նվնվոցը, 90-ական թվականների Արշակ Սադոյանի ոճով:
Ստեղծված ավանդույթի համաձայն`եթե ուզում ես դուր գալ ժողովրդին, անպայման պիտի ողբաս նրա թշվառ վիճակը եւ գուժես երկրի մոտալուտ կործանումը:Եւ վերնախավի այդ ձեւակերպումները 20 տարվա ընթացքում մտել են մեր ժողովրդի կենցաղի մեջ: Մինչդեռ հիշյալ շրջանակները պետք է ոչ միայն նվնվան, այլեւ մեր առաջ դնեն որոշակի նպատակներ:
Եթե որեւէ մեկը հրադադարից հետ եղել է Շուշիում եւ տեսել է Հարավային Կովկասի այդ երբեմնի մշակութային կենտրոնի անմխիթար վիճակը, նա անպայման կհարցնի մոդայիկ դարձած դարձվածքաբանությամբ` “Շուշին ազատագրել եք, որ ինչ անենք”: