ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ երբեք չեն կռվել. ԼՂՀ ԱԳՆ
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը պատասխանել է “News.am”-ի հարցին.
“News.am” գործակալությունը դիմել է ԼՂՀ ԱԳՆ հետեւյալ հարցին պատասխանելու խնդրանքով. “Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը “livejournal”-ի իր բլոգում, պատասխանելով “eMedia.am”-ի կողմից տրված հարցին, հայտարարել է այն մասին, որ չեչեն վարձկանները Լեռնային Ղարաբաղում կռվել են երկու կողմերի զինված ուժերի կազմում: Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Ինչքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը”:
“Հայտարարությունն այն մասին, որ չեչեն վարձկանները Ղարաբաղում կռվել են հայերի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ երբեք չեն կռվել:
Ընդհակառակը, հենց Ադրբեջանի իշխանություններն են Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով, օգտագործել վարձկաններ՝ ղարաբաղցի հայերի ռազմական ոգին կոտրելու համար: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ 1992-1993 թվականներին ղարաբաղյան բանակի դեմ կռվել են մինչեւ երեք հազար աֆղան մոջահեդ եւ չեչենական ջոկատներ՝ Շամիլ Բասաեւի գլխավորությամբ: 1992 թվականի հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում արդեն հաշվվում էր մոտ 300 չեչեն վարձկան:
1993 թ. հուլիսին “Չեչեն պրես” գործակալությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում չեչենների մասնակցության մասին, ինչը հաստատվել է նրանց շրջանում գրանցված առաջին զոհերով: Զգալի կորուստներ կրելով՝ չեչենական ջոկատները շատ չանչած լքել են ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը:
2000 թվականին ինքը՝ Բասաեւը, հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որում խոստովանել է ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությունը. “Մենք եկել ենք Ղարաբաղի համար պայքարել ոչ թե հանուն ռազմավարի, այլ հանուն ջիհադի գաղափարի”: Սակայն, ինչպես պատմում էր Բասաեւը, “տեղ հասնելով եւ իրավիճակին ծանոթանալով՝ մենք հասկացանք, որ այստեղ ջիհադի նշույլ անգամ չկա”:
“Financial Times” պարբերականը 2002 թվականին գրել է, որ, ըստ իր տվյալների, Լեռնային Ղարաբաղում կռվել է նաեւ դաշտային հրամանատար Հաթաբը”,-պատասխանել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
: