Ձկնաբույծներն ահազանգում են
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Հայ ձկնաբույծների միություն” ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ձկնաբուծությունը այս պահին գտնվում է անբարենպաստ վիճակում, “տուժվում է և խոշորը, և միջինը, և փոքրը”.
“Մենք խնդրել էինք և նախագահին, և վարչապետին, որ ստեղծեն ձկնաբուծության խնդիրները ուսումնասիրող խումբ, սակայն նրանց բացահայտած խնդիրների արձանագրությունները մնացել են սեղանին, լուծումներ չեն ստացել”,-նշեց Աթոյանը: Ձկնաբույծները չեն կարողանում արտահանել ձկնամթերքը, ունեն հողի, ջրի և հորատման հարցերի հետ կապված խնդիրներ:
Արթուր Աթոյանը նշեց, որ ձկնաբույծները այլևս հույս չունեն, որ գործադիրը լուրջ մոտեցում կունենա նաև այս խնդիրներրի հարցում. “Մենք ունենք տնտեսություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներ դիմել են և պատասխանել են, որ հայկական հարցին հավասարեցված գործառույթներ են իրականացվում և սեղմ ժամանակահատվածում կտրվեն թույլտվություն, սակայն արդեն երկու երեք տարի դիմած հայտատուները դեռ սպասում են պատասխանի”:
Արթուր Աթոյանը արձանագրում է այն, որ նույն տնտեսության կողքի տնտեսությունում տրվել է թույլտվություն հորատման աշխատանքներ կատարել. “Այսինքն` մեկին թույլ են տալիս կատարել հորատում, մյուսին չէ: Այս ամենը ապացուցում է, որ փոքր ու միջին ձկնաբուծական տնտեսությունները կարող են վերանալ և այս ոլորտում նույնպես կարձանագրվի մենաշնորհ”:
Տնտեսությունների սնանկացմանը նպաստում է նաև այն, որ վերավարկավորում չեն կատարում ձկնաբուծական տնտեսություններին.»Եթե այս խնդրին պետական համակարգով պատասխան չտրվի ուրեմն մենք կկորցնենք ձկնաբուծական բազմաթիվ տնտեսություններ»,-կարծիք հայտնեց Արթուր Աթոյանը:
Հայ ձկնաբույծների միության նախագահը մտահոգ է .”Ձկնաբուծությունը դարձել է մեր երկրի ամենաանբարենպաստ տնտեսության ոլորտներից մեկը: Սա արդեն ձեռնտու բիզնես չէ”:
Արթուր Աթոյանը նշեց, որ մշակվել է մեխանիզմ մատչելի գնով մեր ձկնարտադրանքը ռուսական շուկա տեղափոխելու համար:
Ձկնաբույծները ակնկալում են հարցի օբյեկտիվ լուծում: