Տարեկան 11 000 եվրո` Եվրոպական համալսարանում սովորելու համար

Հայ ուսանողներն այս տարվանից հնարավորություն կունենան սովորել միջազգային ակրեդիտացիա ունեցող Եվրոպական համալսարանում: “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին համալսարանի Բարսելոնայի մասնաճյուղի մենեջեր Սվետլանա Սալովսկան նշեց, որ ինքը երկու օրով է Հայաստանում, որպեսզի ներկայացնի իրենց համալսարանի կրթական ծրագիրն ու համագործակցի հայկական բուհերի հետ:
Եվրոպական համալսարանը, որը, բացի Բարսելոնայից, մասնաճյուղեր ունի նաև Ժնևում, Մյունխենում, հիմնադրվել է քառասուն տարի առաջ: Եվրոպայի առաջատար համնալսարանների ցանկում 39-րդն է: Ներկայումս համալսարանի մասնաճյուղերում սովորում է շուրջ 1 000 ուսանող աշխարհի 80 երկրներից: Ամբողջ գործունեության ընթացքում համալսարանն ունեցել է շուրջ 25 000 ուսանող: Հայաստանում Եվրոպական համալսարանի գործընկերն է CIS կրթական խորհուրդը, որն էլ կազմակերպել է հանդիպումներ հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորների հետ:
“Մենք առաջարկում ենք բակալավրի ուսուցման ծրագիր` երեք տարով և մագիստրատուրայի` մեկ տարով: Համալսարան դիմելու համար անհրաժեշտ է` բակալավրատի համար` գերազանց միջնակարգ կրթություն, անգլերենի հրաշալի իմացություն երկու բնութագրական նամակ և էսսե”,- ասաց տիկին Սալովսկան: Մագիստրատուրայի համար անհրաժեշտ են միևնույն պայմանները, միայն միջնական կրթության փոխարեն` բարձրագույն կրթության դիպլոմ և երկու տարվա աշխատանքային փորձ:
Տիկին Սալովսկայի հավաստմամբ, իրենց բոլոր մասնաճյուղերում ուսուցման լեզուն անգլերենն է, կրթական ծրագիրն էլ` նույնը: Ուսանողներն էլ յուրաքանչյուր ուսումնական տարում կարող են տեղափոխվել մի մասնաճյուղից մյուս մասնաճյուղ` իրենց ցանկությամբ:
Ծրագրերը հետևյալ մասնագիտություններով են` միջազգային բիզնես, Հաղորդակցություն և հասարակական կապեր, Միջազգային մարկետինգ, Միջազգային բանկային գործ և ֆինանսներ, Տուրիզմ, Ձեռներեցություն, Սպորտային մենեջմենթ, Մարդկային ռեսուրսների կառավարում, Դիզայնի մենեջմենթ, Ընտանեկան բիզնեսի մենեջմենթ, Համբավի մենեջմենթ:
Եվրոպական համալսարանում բակալավրիատում սովորելու համար մեկ տարվա ուսման վարձը կազմում է 11 000 եվրո, մագիստրատուրայում` 19 000 եվրո: Գերազանց սովորող ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ` վարձավճարի 30 տոկոսի չափով: Ուսանողները հնարավորություն կունենան աշխատելու շաբաթական 39 ժամ, քանի որ դասերը սկսվում են երեկոյան 5-ին, և օրվա ընթացքում ուսանողներն ազատ են լինում: Ընդունվելու դեպքում ուսանողները ստանում են ուսանողական վիզա:
Եվրոպական համալսարան հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Տիկին Սալովսկան, սակայն, խորհուրդ է տալիս ավելի շուտ դիմել, քանի որ դիմումները միշտ շատ են լինում, սակայն տեղերը սահմանափակ են: