Տեղակալի հարցը. Հրապարակ
ՀՀԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը: Ըստ “կանոնակարգի”` առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից: Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա: Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը` Դավիթ Սեդրակյանի, ու Սամվել Լիմինդրովիչը` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանին դարձնել տեղակալ` իր եղբորորդին կդառնա թաղապետ:
Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ «շարքային» տեղակալ վերջինս չի ցանկանում: Երեկ “պարոն Թոխմախին” է զանգահարում թերթի լրագրողը: Հեռախոսը վերցնում է նրա “հեռախոսապատասխանատուն” և ասում՝ պարոն Սեդրակյանը Հայաստանում չէ, Անգլիայում չէ, նրա որդի Դավիթը չի ցանկանում տեղակալ դառնալ, որովհետև “ծով” զբաղմունք ունի: Բիզնեսո՞ւմ՝ հարցրել է լրագրողը: Այո, նաև` բիզնեսում:
Դավիթ Օհանյանը ևս չի ցանկացել խոսել, որովհետև «մեր պատճառով եկել-իրենց տուգանում են»: Խոսքն առնչվում է նրան, որ Մալաթիա-Սեբաստիայում անօրինական «սալյուտ» են խփել Տարոնի հաղթանակի առիթով. “Երբ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես մեր շտաբի կողքին հանդիսությունների սրահ է, ինչ-որ մեկի 70-ամյակն էին տոնում”: Իսկ հնարավո՞ր է դա պատճառ դառնա, որ Դուք քաղաքապետի տեղակալ չդառնաք:
“Ինձ հետ ոչ մեկն այդ թեմայով չի էլ խոսել”,- կրկնել է Դավիթ Օհանյանը, իսկ ՀՀԿ-ում չեն բացառել Դավիթի՝ տեղակալ դառնալը: Չեն բացառել նաև, որ “շարքային” տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը: