Իսրայելը փակել է իր օդային տարածքը հյուսիսում
Իսրայելցի զինվորականներն արգելել են թռիչքները երկրի հյուսիսում: Իսրայելի հյուսիսում գտնվող ամենամեծ` Հայֆա քաղաքի երկինքը կփակվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում, հաղորդում է “РИА Новости”-ն:
Հայֆայում նաեւ բացվել են ռմբակոծություններից պաշտպանվելու համար նախատեսված քաղաքային ապաստարանները: Հրեական պետության իշխանություններն իրենց որոշումը չեն մեկնաբանում:
Նախորդ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող ռազմական օբյեկտներից մեկը, որն իրանական արտադրության հրթիռների պահեստ կամ գիտական կենտրոն է` նախատեսված “Հեզբոլահի” գրոհայինների համար:
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հերքել է Սիրիայի տարածքին ավիահարվածներ հասցնելու փաստը, որը հայտնվել է մի շարք ԶԼՄ-ներում: