«Անտերներին» փուռը տվեցին»
«Իհարկե, փոփոխությունը միայն տեխնիկական է, բայց այս փոփոխությունը բացահայտում է մեր օրակարգի մի շատ հետաքրքիր երևույթ»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Աժ-ը քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Երեկ խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հերթական անգամ այս կառավարությունը ձևվեց կոնկրետ մարդկանց վրա: Այն նախարարությունները, որ ակնհայտ էր պիտի դառնային կոմիտե, մնացին նախարարույթուն, քանի որ տեր ունեն, իսկ այսպես ասած՝ հարաբերական «անտերները» վերաձևվեցին կոմիտեների, հերթական շտոպկան տեղի ունեցավ, կարուձևը հերթական խումբ մարդկանց վրա, ուղղակի այնքան պարկեշտություն ունեցան, որ եթե նախորդ կառավարության վրա ձևում էին կոալիցիոն հուշագրի համաձայն՝ կարևորը որակը չէ, կարևորը քանակն է, և կապ չունի մարդը ոլորտին տիրապետում է թե չէ, կարա լողի չեմպիոն էլ լինի, եթե լինի կուսակցական հանձնարարություն: Նախորդ անգամ ասացին, որ այս շտոպկան քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է, այս անգամ քաղաքական նպատակահարամարության անուն չտվեցին, ասացին՝ այդպես է պետք»,-հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատեց՝ եթե այդքան սկզբունքային է այս փոփոխությունը, որով ՊԵԿ աշխատակիցների վարձատրությունը պիտի վերականգնվի, ապա «այդ դեպքում ինչո՞ւ չեք ուզում վերականագնել՝ հրաժարվելով 10 տոկոս հավելավճարներից: Տեխնիկական նախագծերի տակ արատավոր փոիլիսոփայությունն է, որ երևում է, վաղն էլ, երբ կլինի նոր կառավարություն, քաղաքական մեծամասնությունը նրանց համաձայն կքննարկի ու կփոխի: Կան անձինք, որոնք տեր ունեն, ու որոնք մնացին կառավարությունում ու կան «անտերներ», ում կարելի էր «փուռը տալ» ու քաղաքական նոր համաձայնությունները ձևավորել նոր դեմքով »,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, նախագծով, մասնավորապես, առաջարկվում է «սահմանել, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12.00 է, առաջին տեղակալինը՝ 10.00, իսկ տեղակալներինը՝ 8.50: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց ոչ թե տրվում է, այլ կարող է տրվել հավելում:
Նախագիծն ընդունվելու դեպքում համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում, իսկ պետական բյուջեի ելքերի մասով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների բարձրացման հետ կապված (Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխանաբար` 12.0, 10.0 եւ 8.5 գործող 10.0, 8.5 եւ 7.5-ի փոխարեն), կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման` տարեկան շուրջ 5.7 մլն դրամի չափով»: