“Ինչ է եղել, դուխով տղա է”. Գեղամյանը` Օսկանյանից
Հոկտեմբերի 5-ից 7-ը Ալբանիայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, որի աշխատանքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նա նշեց, որ վեհաժողովի աշխատանքները լարված էին, եւ ինքը ստիպված է եղել հինգ ելույթ ունենալ:
Արտաշես Գեղամյանը նշեց, որ պատվիրակության բացասական կարծիքն է հայտնել Թուրքիայի ներկայացուցիչների նախագծին, որը վերաբերվում է Սիրիայի խնդրին:
Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին մասնակցել է միայնակ: Պատվիրակության անդամներից ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը առողջական խնդիրներից ելնելով` չի մեկնել, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` նպատակահարմար չի գտել: Ինչ-ինչ պատճառներով պատվիրակության փոխարինող կազմը եւս չի մասնակցել ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Միայնակ մասնակցությունը, սակայն Արտաշես Գեղամյանին չի խանգարել: Նա հայտարարեց, որ ամեն ինչ կարողացավ միայնակ անել եւ իր ելույթները ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին “դեռ չորս ամիս հերիք են”:
Ինչ վերաբերվում է Օսկանյնաի չմեկնելուն, Արտաշես Գեղամյանն ասաց. “Ես լինեի իր իրավիճակում, կգնայի, հինգ ելույթ կունենայի եւ կպաշտպանեի երկրի շահը: Կյանք է , ինչ է պատահել, ցանկացածիս հետ կարող է պատահել, չի կարելի է երկրից նեղանալ, իսկ էնտեղ երկրի շահն ես պաշտպանում”:
Լրագրողների դիտարկմանը, թե այստեղ` Հայաստանում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից են զրկում, Արտաշես Գեղամյանն ասաց.”Ինչ է եղել, դուխով տղա է”: