“Հարսնաքար”-ի դատավարությանը ներկայացվեցին միջնորդություններ.բացարկ դատավորին / ֆոտո, վիդեո/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 10-ին շարունակվեց “Հարսնաքար”-ի դատավարությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը նախորդ դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արման Բաղդասարյանի փաստաբանի փոփոխության պատճառով, սակայն նրա հարազատները եւս նոր պաշտպանից հրաժարվել են:
Դատական նիստը սկսվելուց հետո պարզվեց, որ փաստաբան Թովմասյանը չի ներկայացել նիստին եւ ոչ ոք տեղյակ չէ պատճառների մասին: Դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որպեսզին ճշտեն փաստաբանի տեղը եւ նրա մասնակցության հարցը դատավարությանը:
Գործին ներգրավված նոր պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ չնայած ծանոթ է նյութերին, սակայն նրան պետք է գործի 2-րդ հատորը, դատարանի ներկայացրած միջնորդագրերը եւ մեկ առանձին սենյակ, որպեսզի սեղմ ժամկետում դրանք ուսումնասիրի: Նա միաժամանակ հայտարարեց, որ դատական նիստը այդ ընթացքում կարող է շարունակվել առանց նրա:
Չնայած կողմերը չառարկեցին, սակայն դատավորը տեղեկացրեց, որ դատարանի մասնաշենքում չկան նման ազատ տարածքներ եւ առաջարկեց նիստը կրկին հետաձգել 15 րոպեով, որպեսզի Պողոսյանը ծանոթանա նյութերին: Փաստաբանը համաձայնվեց:
Ընդմիջումից հետո Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ կողմից իրեն տրամադրված 2-րդ հատորից պակասում է 70-71 էջը, այսինքն՝ չկա իր պաշտպանյալի նկատմամբ կալանք ընտրելու որոշումը: Դատավորը այդ կապակցությամբ արձանագրեց, որ չի հետազոտվել քրգործի նյութերը, հետեւաբար չի կարող ասել, թե ինչ է պակաս գործի նյութերում:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Եգորյանին դատարանին ներկայացրեց 17 էջից բաղկացած 20 միջնորդություն: Սակայն նրան կեսից ընդհատեցին ամբաստանյալների պաշտպանները` նշելով, որ հղումներ է արվում ամբաստանյալների ցուցմունքներից, դեռ չհետազոտված ապացույցներից:”Դատարանը դեռ չի լսել մեղադրյալներին, վկաներին, բայց այստեղ արդեն որակումներ են տրվում` սպանություն, տեսաձայնագրման սարքերի պորցեսորի, համակարգիչների փորձաքննություն: Դատավարության կարգին դա չի համապատասխանում”- ,նշեց պաշտպանական կողմը:
Ռուբեն Եգորյանը պաշտոնական կողմի առարկությունները համարեց իրենց իրավունքների, արտահայտվելու սահմանափակում, ինչի հետ դատավորը չհամաձայնվեց: Միջնորդություն ներկայացնելու մեջ արտառոց ոչինչ չտեսավ նաեւ պետական մեղադրողը` դատախազ Արթուր Դավթյանը: Ավելին, նա նույնիսկ ասցա, որ միջնորդությունները ներկայացնելը մի դրական կողմ ունի` կուսումնասիրեն, եւ մինչեւ մյուս դատական նիստը կներկայացնեն միջնորդությունների առարկությունները: Պարզապես դատախազը առաջարկեց վերախմբագրել եւ նոր ներկայացնել: Դատավորը սակայն թւոյալտրեց որ տուժող կողմի փաստաբանը ներկայացնի միջնորդագիրը: Ամբաստանյալների փաստաբանները բացարկ հայտնեցին դատավորին` կասկածելով նրա կողմնակալության վրա:
Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով` մերժեց բացարկը: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին: