28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեղրիի եկեղեցու վերանորոգման աշխատանքները կհոգա ԱՄՆ դեսպանի ծրագրով հատկացվող ֆինանսավորման մասին

Ս.թ. սեպտեմբերի 16-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն  ու ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին հայկական մշակույթի գոհարներից մեկի՝ Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրով հատկացվող ֆինանսավորման մասին:

Սուրբ Սարգիս եկեղեցին հայ-պարսկական ճարտարապետական ոճի ինքնատիպ կառույց է: Այն եզակի է ու միակն է Կովկասում ու Միջին Արևելքում իր ոճով ու հարուստ ներքին որմնանկարներով, որոնցում զուգորդված են ուշ միջնադարյան քրիստոնեական ու պարսկական պատկերագրության տարրերը և միախառված են տարբեր մշակույթների մոտեցումները սրբերի պատկերման վերաբերյալ: Եկեղեցու կառույցը, ինչպես նաև որմնանկարները հրատապ ուշադրության կարիք ունեն:

«Իր նրբագեղ որմնանկարներով Սուրբ Սարգիս եկեղեցին մշակութային գանձարանի  անզուգական արժեք է թե՛ Հայաստանի, և թե՛ աշխարհի համար: Միացյալ Նահանգների կառավարությունը կարևորում է այս և այլ մշակութային հուշարձանների ու արժեքների պահպանությունը Հայաստանում, մի երկրիր, որ հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ», – ասաց դեսոպան Միլսը:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, ԱՄՆ կոնգրեսի հաստատմամբ, 2000թ.-ից մեկնարկել է իր գործունեությունը և ավելի քան 125 երկրներում իրականացվել են 870-ից ավել ծրագրեր շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլար կազմող ընդհանուր արժողությամբ: Հիմնադրամը գործակցում է կառավարությունների ու մշակութային կազմակերպությունների հետ՝ աջակից լինելով մշակութային արժեքների, հուշարձանների և ավանդական մշակութային արտահայտչականության ձևերի պահպանման աշխատանքներին, քանզի այդ ժառանգությունը կարևոր է համայն մարդկության համար:

Աշխատելով ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ինքնատիպ մշակութային ժառանգության պահպանության հարցում սրտացավ տեղական հասարակական կազմակերպությունների հետ՝  ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվել է 10-ը ծրագիր՝ սկսած 2005թ.-ից: Սուրբ Սարգիս եկեղեցու համար հատկացված նոր դրամաշնորհից զատ, այս պահին ընթացքի մեջ են  Գյումրիում  Հակոբ Հակոբյանի «Լեռներում/կթվորներ» որմնանկարի վերականգնման և Արենու քարանձավում առկա նշանակալի հնագիտական գտածոների պահպանության աշխատանքները: Նախկինում իրականացված ծրագրերի ընթացքում իրականացվել է Նորատուսի միջնադարյան գերեզմանոցի և այնտեղ առկա խաչքարերի քարտեզագրումն ու ցուցակագրումը, Գառնու միջնադարյան կամրջի  պահպանությունը և հայկական ավանդական պարերի ու երաժշտության հավաքագրում-փաստագրում:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի այս նոր դրամաշնորհի մասին հայտարարելու պահն առանձնահատուկ է, քանի որ այս ամիսն ԱՄՆ դեսպանության կողմից հռչակված է զբոսաշրջության հարցերի միամսյակ: Նման ծրագրերը, ինչպիսին է Սուրբ Սարգսի պահպանությունը, արժեքավոր դեր են խաղում ոչ միայն մշակութային ժառանգությունը մերօրյա ու ապագա սերունդներին հասանելի դարձնելու հարցում, այլ նաև խթանում են զբոսաշրջությունը և հարակից ճյուղերը, քանզի հենց նման վայրերն են, որ մեծ գրավչություն են ներկայացնում տեղացի ու օտարերկրացի այցելուների համար:

«Սուրբ Սարգիսը մարզերում պահպանված պատմամշակութային հուշարձանների առանձնահատուկ օրինակ է: Աշխատելով մեր հայ գործընկերների հետ՝ այս հոյակերտ եկեղեցու վերակառուցման, ինչպես նաև այլ հուշարձանների ու մշակութային արժեքների պահպանության շուրջ՝ մենք շարունակում ենք աջակցել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի մարզերում, որը կարող է տնտեսական աճի խթան դառնալ», – ասաց դեսպան Միլսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ