«Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր Աժ նիստի ընթացքում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ ելույթով հանդես եկավ: Նա նախ նկատեց, որ այս բարձր ամբիոնն իրենից առաջ որոշ գործընկերներ օգտագործեցին քաղաքական նպատակներով, խոսեցին մեղադրական բամբասանքների մասին, քրեական գործերի մասին, որոնք փակված են, ու որոնց մեղավորներն էլ պատժված են: «Առաձին անուններ շահարկելն էլ տեղին չէ: Առանձին գործընկերներ ասում են, որ մենք ցուցմունք տվող չենք, այո, ցուցմունք տվող չեք, բայց կարելի է հետևել առանձին գործերին, որ դրանց քրեական ընթացք տրվի»,-ասաց պատգամավորը: Ապա դիմելով որոշ գործընկերների՝ նետեց.
«Մի հատ հստակեցրեք՝ դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական կամ ինչ օրենքներով եք առաջնորդվում»: Դիմելով Գլխավոր դատախազի թեկնածուին՝ նա հորդորեց ուշադրություն չդարձնել առանձին գործընկերների հայտարարություններին, քանի որ դա ոչ թե դատախազի թեկնածուի դեմ է կամ նրա մասին, այլ այդ հայտարարությունների հեղինակները փորձ են անում հիշեցնել իրենց մասին:
Գագիկ Մելիքյանն ավելացրեց, որ Արթուր Դավթյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացության գալ, որ նա արժանի է այս պաշտոնին, իսկ նրա մասին տեղեկություններն էլ փաստում են, որ հարգանք է վայելում իր ուսանողների շրջանում: «Դրական միտումները, որ տեսնում եմ դատախազությունում, դուք կարող եք շարունակել: Ես հավատում եմ դրան ու քվեարկելու եմ ձեր օգտին»,-շեշտեց նա: