Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, դրված նպատակներին հասնելու կարողությունը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման, Ձեզ արժանացրել է վաստակած հարգանքի հայրենակիցների շրջանում և արտերկրում:
Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Անկեղծորեն բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը:
Վստահ եմ, որ մեր երկրների բազմակողմանի համագործակցության ներկապնակի հարստացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում ռազմավարական պայմանավորվածությունների իրականցմանն ուղղված հետագա համատեղ ջանքերն ու նոր հեռանկարային ծրագրերի մշակումն ամբողջությամբ բխում են մեր պետությունների ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդման շահերից:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: