Ոչ մի պետություն նման աշխատանք չի իրականացնում՝ որևէ թիզ հող հանձնելու նպատակով. Գ. Մելիքյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ վերջին շաբաթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ պատգամավորի խմբի այցին Տավուշի մարզ: <<Հանդիպեցինք դիրքապահ զինվորների, սպաների հետ, փորձեցինք ոգևորել, բայց պետք է նշեմ, որ ավելի շատ ոգևորվեցինք կատարված լայնածավալ աշխատանքից, որ իրականացվում է մեր բանակի ու մեր ողջ ժողովրդի կողմից՝ սահմանապահ ողջ ժողովրդի մասնակցությամբ>>,-ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ դիրքերում կատարվող շինմոնտաժային աշխատանքները լայնածավալ են ու ոգևորիչ, ոգևորիչ են նաև առանձին քաղաքացիների կողմից կատարվող ներդրումները, տեխնիկական ու ռազմական վերազինումը:
<<Սա նպատակ ունի ամրապնդելու սահմանը: Ես համոզված եմ՝ այն ամենն, ինչ տեսանք մեզ, այն ամենն, ինչ կտեսնի մեր ժողովուրդը, որևէ մեկն այլևս չի կարող խոսել սահմանների փոփոխություան ու հողերի հանձնման մասին, ոչ մի երկիր, ոչ մի պետություն նման աշխատանք չի իրականացնում՝ որևէ թիզ հող հանձնելու նպատակով: Ես իրոք պարտավոր եմ շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, սպաներին ու պետությանը, որ նման լայնածավալ աշխատանքներ են իրականացրել ու իրականացնելու>>,-հավելեց նա:
Մելիքյանը շեշտեց, որ սահմանապահ այլ գյուղերում էլ նոր ձեռնարկություններ են բացվել, ինչը շատ կարևոր է ժողովրդի համար: Նա նշեց, որ Պառավաքար համայնքում խաղողի մթերման հարցն էր բարձրացվել, սակայն այն լուծվել է: