28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այսօր մեր երկրում կան դեռևս չլուծված խնդիրներ. Ռուզան Մուրադյան

ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի սեպտեմբերի 13-ի ելույթը հայտարարությունների ժամին

«25 տարի առաջ մենք վերականգնեցինք մեր պետականությունը ավելի քան 600-ամյա դադարից հետո:

Անկախության 25 տարիների ընթացքում մենք հստակ կարող ենք արձանագրել ձեռքբերումներ բոլոր ոլորտներում: Զուգահեռներ տանելով մեր այսօրվա և 90-ական թվականների Հայաստանի միջև՝ ակնհայտ է մեր կարողությունների և հնարավորությունների  հսկայական տարբերությունը: Մեզ հաջողվել է ստեղծել հզոր բանակ, որը մեր ապահովության երաշխիքն է: Այսօր ունենք ազգային արժեհամակարգով դաստիարակված և հայրենասեր երիտասարդ սերունդ, որն ունի երկրի առաջընթացին սեփական ջանքերով նպաստելու ձգտում, կայացել է քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Այսօր առավել քան երբևէ մեր նորանկախ պետության մեջ գնահատվում և արժևորվում է ազատ խոսքը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ժողովրդավարության զարգացման ճիշտ ուղու վրա ենք:

Մեր նորանկախ պետությունն իր ստեղծման օրվանից դիմակայել է անցյալի մարտահրավերների հետևանքներին և նոր մարտահրավերներին:Եվ այդ ամենը մեզ աչալուրջ լինելու և մեր ուժերը մեկտեղելու պահանջ են ներկայացնում: Անհրաժեշտ է  ամրացնել ազգային համաձայնության հենքը, որից պետք է սկսվի  երկրի զարգացման նոր փուլը:  

Մենք գիտենք համախմբվել պատերազմի ու վտանգի ժամանակ, սակայն շատ կարևոր է համախմբվել նաև խաղաղ պայմաններում, որպեսզի հաղթենք ներքին և արտաքին, տնտեսական, իրավական և  բարոյական պատերազմներում ևս: Սա է մեր նման փոքր երկրի փոքր հնարավորություններով մեծ խնդիրներ լուծելու միակ  ճանապարհը:

Այոˊ, այսօր մեր երկրում կան դեռևս չլուծված խնդիրներ: Սակայն մենք դրսևորում ենք քաղաքական կամք երկրի ապագայով շահագրգռված բոլոր ուժերի հետ բաց համագործակցության՝ խնդիրների կառուցողական լուծման նպատակով: Սա մեր գործելաոճն է. բաց, թափանցիկ, լավագույն արդյունքին միտված համագործակցություն: Ունենք համագործակցության հաջողված օրինակներ, մասնավորապես սահմանադրությունը լայն քննարկումների արդյունքում դարձավ ազգային համաձայնության փաստաթուղթ, ինչին հաջորդեցին ընտրական օրենսգրքի բաց քննարկումները՝ ներգրավելով քաղաքացիական հասարակության և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, բոլոր այն շահագրգիռ անձանց, ովքեր ունեն առաջադեմ գաղափարներ և համագործակցելու ցանկություն:

Երկիրը դեպի զարգացում տանող բարեփոխումների այս ճանապարհով էլ շարժվում ենք առաջ: Այլ բան է,  որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ փորձում են  յուրաքանչյուր փոփոխություն ծառայեցնել ի նպաստ իրենց նեղ անձնական կամ քաղաքական շահերի՝ հասարակության պառակտման և քայքայման տարբեր հնարքներ գործադրելով և  միայն մեղավորներ փնտրելով: Հեշտ է ժողովրդին մոլորեցնել՝ անընդհատ ներկայացնելով միայն չլուծված խնդիրները, մինչդեռ անհրաժեշտ է ներկայացնել նաև հաղթահարված դժվարությունները և  արժևորել  ձեռքբերումները: Չմոռանանք, որ դրանց մենք հասել ենք միասին:

Այս 25 տարիների ձեռքբերումներով ամփոփում և փակում ենք մեր պատմության մի էջ և մտնում ենք մի նոր փուլ, որը լի է հզոր հայրենիքի տեսլականով և այն կյանքի կոչելու վճռականությամբ ու քաղաքական կամքով:

Շնորհավո’ր տոնդ, Հայաստա’ն: Թող անկախությունդ միշտ քայլի խաղաղության հետ ձեռք ձեռքի տված»:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ