Հովիկ Աբրահամյանը գոհ չէր տեմպերից. Վ. Բաղդասարյան
ՀՀԿ-ը չի քննարկել ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հրապարակած այն տեղեկությանը, թե Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ավելացնելով, որ Սեյրան Օհանյանը ՀՀ Պաշտպանության նախարարն է:
Խոսելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին՝ նա նախ շնորհավորեց և տեղեկացրեց, թե դեռ նոր Կառավարության կազմի ձևավորման շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞րն էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր ձախողումը, Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ թեմային մենք անդրադարձել ենք, Հովիկ Աբրահամյանը գոհ չէր տեմպերից, բայց բավականին քրտնաջան աշխատանք էր կատարել այս երկուսուկես տարիների ընթացքում»:
Բաղդասարյանը խոսեց նաև ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին՝ ասելով, որ այդ հարցին կանդրադառնան 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: «Կարեն Կարապետյանն ազատ է կադրային հարցում: Մեզ մոտ չկա՝ սրա կադրն է, նրա կամ այլ մարդու կադրը»,- նշեց պատգամավորը:
Բաղդասարյանի խոսքով՝ գլոբալ փոփոխություններ պետք է լինեն, իսկ Կարեն Կարապետյանին ազատություն է տրված իր որոշումների հարցում: