«Չլափողներ», ըստ էության, չկան. Առավոտ
Ստվերային կառավարության գաղափարը Հայաստանում ընդունվում է որպես Արեւմուտքից եկած ինչ-որ խաղ, որը բացարձակապես կիրառելի չէ մեր պայմաններում: «Ի՞նչ ստվերային կառավարություն, ի՞նչ եք հնարել, ամեն ինչ շատ ավելի պարզ է. լափողներին պետք է հանել, չլափողներին դնել, որ ժողովուրդը լավ ապրի»։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ «չլափողներ», ըստ էության, չկան։
Չէ, իհարկե, մայր Թերեզան կամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դա չեն անի ոչ մի պարագայում։ Բայց միջին վիճակագրական մարդը գողանալու է՝ ա/ եթե դրա հնարավորությունն ունի, բ/ եթե ենթադրում է, որ չի բռնվելու, գ/ եթե գողանալն ավելի ձեռնտու է, քան չգողանալը։ Այդ երեք նախապայմանները միասին ստեղծում են մի համակարգ, որում ապրում ենք մենք եւ աշխարհի շատուշատ երկրներ: Դրանց նշանակության նվազեցման (իսպառ վերացմանը ես չեմ հավատում) հետեւանքով առաջանում է մեկ այլ համակարգ, որին մենք ձգտում ենք: Համակարգը կարելի է կոտրել համակարգով:
Իսկ այդ «հակահամակարգը» կարող է առաջանալ այն դեպքում, երբ ընդդիմադիրները դադարեն հույս դնել բացառապես «ժողովրդական հույզերի» եւ բնազդների վրա եւ մշակեն ծրագրեր ամեն մի կոնկրետ ոլորտում: Ահա թե ինչում եմ ես տեսնում «ստվերային կառավարության» նշանակությունը: Իհարկե, այդ մեխանիզմը Հայաստանում չի կարող կիրառվել դասական իմաստով, որով գործում է Բրիտանիայում, որտեղ ստվերային կաբինետը ձեւավորվում է խորհրդարանական փոքրամասնությունից եւ առանցքային դեր է խաղում այդ երկրի քաղաքական համակարգում: Մեզանում առայժմ դա կարող է լինել պարզապես որպես ընդդիմության ծրագիր: Այդ առումով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությունը հետաքրքիր է:
Կարծում եմ, որ այս, ըստ էության, նախընտրական փուլում ընտրողները պետք է իմանան, թե այս կամ այն կուսակցությունն ինչ «կադրային բանկով» է իրականացնելու այն համակարգային փոփոխությունները, որոնց անհրաժեշտության մասին բոլորը խոսում են: Օրինակ՝ ումից ես պետք է իմանամ, թե ինչպես է տվյալ կուսակցությունը տեսնում Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումը (իսկ որ այստեղ կտրուկ փոփոխություններ պետք են, կարծում եմ՝ ոչ ոք չի վիճի), եթե ոչ տվյալ կուսակցության «կրթության ստվերային նախարարից»:
Ընդհանրապես, դատելով Նիկոլ Փաշինյանի պրոֆեսիոնալ կառուցված ելույթներից, ինչպես նաեւ, օրինակ, Խորենացի փողոցի հանրահավաքում կիրառված ժեստից՝ ձեռքերը ափերով վեր, որը խորհրդանշում է անզեն քաղաքական պայքարը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ աշխատում են լուրջ քաղաքական տեխնոլոգներ՝ կարծում եմ, ոչ Հայաստանից: Դա, իմ կարծիքով, ոչ թե թերություն է, այլ առավելություն. «տնայնագործական» պոպուլիզմի՝ «վայ, թալանեցին, վայ, թուրքից վատն են» ժամանակն անցել է: Պոպուլիզմը նույնպես պետք է դրվի «գիտական հենքի» վրա:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: